«Հալեպից դուրս եկող յուրաքանչյուր հայ վտանգում է իր կյանքը. այդ ճանապարհը մահվան ճանապարհ է». Արման Նավասարդյան
«Քերի-Լավրով բանակցություններից հետո դրությունն այնքան է լարվել, որ ռմբակոծվեց սիրիական բանակի շարքերը, հետո հումանիտար շարասյունը ռմբակոծվեց« և այլն: Իհարկե, կիզակետն այսօր Հալեպն է: Հալեպում վճռվում է Սիրիայի հետագա ճակատագիրը: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ահաբեկիչները պետք է ճնշման տակ թողնեն՝ դուրս գան Սիրիայից, բայց անմիջապես հարց է ծագում՝ այդ մարդասպանական բանդան՝ ԻԼԻՊ-ը, եթե դուրս գա, ո՞ր ուղղությամբ կգնա: Արդյո՞ք դա վտանգ չի սպառնում Կովկասին ու մասնավորապես՝ Հայաստանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հալեպահայության վիճակն օրհասական է. «Չնայած՝ ասվում է, որ այնտեղ 8-10 հազար հայ կա, բայց այնտեղից եկածներից իմացա, որ 4-5 հազար մարդ է մնացել: Թե նրանց ճակատագիրն ինչ կլինի՝ ես նույնիսկ չէի ուզենա կանխատեսել: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հալեպից դուրս եկող յուրաքանչյուր հայ վտանգում է իր կյանքը. այդ ճանապարհը մահվան ճանապարհ է: Հայաստանի քայլերն էլ ուշացած են»:
Ըստ դեսպանի՝ Սիրիայի հայ համայնքի կորուստը շատ թանկ կնստի սփյուռքահայության վրա:
Անդրադառնալով ռուս-ամերիկյան հարաբերություններին՝ նա նշեց, որ Ամերիկան շարունակում է միաբևեռ քաղաքականությունը, իսկ Ռուսաստանը փորձում է բազմաբևեռություն մտցնել. «Այս իրավիճակում այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, պարզապես վտանգավոր խաղ է կրակի հետ»: