«Սիրիահայ ընտանիքներն իրենք պետք է որոշեն՝ գա՞լ, թե՞ մնալ»
«Մեր կազմակերպությունը հիմնականում կենտրոնացած է տնտեսական ոլորտի վրա. փորձում ենք սիրիահայերի տնտեսական վիճակը բարելավել՝ իրենց բիզնեսը բարելավելով։ Սիրիահայ գործարարներին տրամադրում ենք տարբեր տեսակի խորհրդատվություններ։ Մեր հիմնական նպատակն այն է, որ սիրիահայերն այստեղ կարողանան ապրել, հաստատվել ու չարտագաղթել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Սիրիահայերի միություն» հ/կ նախագահ Ներսես Քիվոն։
Նրա խոսքով՝ սիրիահայերը հարկային դաշտից դժգոհություններ չունեն:
«Սիրիահայի համար սովորական է, որ երբ իր բիզնեսը նորմալ է, նա պետք է հարկ վճարի։ Որևէ սիրիահայ հարկայինի հետ կապված խնդիր չունի. մենք չենք ուզում, որ սիրիահայը հարկերից զերծ լինի։ Օրինակ՝ եթե տեղացի մեկը մթերքի խանութ ունի, կողքին սիրիահայը մթերքի խանութ բացի ու հարկ չվճարելու արտոնություն ունենա, անմրցունակ կդառնա այդ բիզնեսը»,- ասաց նա։
Նա նշեց, որ Հայաստանում հաստատվող սիրիահայերը շատ են. «Դեպքեր կան, երբ սիրիահայերը չեն կարողանում այստեղ հաստատվել ու փակում են իրենց բիզնեսը։ Կան մարդիկ գալիս են՝ որպես հանգրվան, հետո թողնում-գնում են Եվրոպա։ Եթե աշխատանքային հնարավորությունները գտնեն այստեղ, հաստատ որևէ մեկը չի արտագաղթի»։
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հ/կ նախագահ Լենա Հալաջյանն էլ հավելեց, որ Սիրիայի հայաբնակ թաղամասերը թե՛ պետության պաշտպանության տակ են, թե՛ գրոհայինները չեն ցանկանում փոքրամասնությունների թշնամությունը շահել. «Սիրիահայ ընտանիքներն իրենք պետք է որոշեն՝ գա՞լ, թե՞ մնալ»։