«Եթե ընկերությունները գնան սնանկացման՝ պետական կառավարում կկիրառվի». Իգնատի Առաքելյան
«Խաղողի մթերումներն ընթանում են, այս պահին խնդիր չկա: Կան դեպքեր, որ գյուղացիների հետ պայմանավորվում են ավելի ուշ վճարել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նա հայտնեց, որ հանդիպել է խաղողի գծով պարտքեր ունեցող ընկերությունների հետ, հորդորել, որ պարտքերը շուտ վերադարձնեն և շատ արագ հարցը լուծվեն. «Հասկանում եք` պետությունն այսօր չունի այդ գործիքը, որ ստիպի նրանց վճարել: Դա բիզնես է: Մեր կողմից փորձում ենք աջակցել, օգնել, ուղղակի մյուս կողմից էլ գործարանները շատ ծանր ֆինանսական վիճակում են»:
Մասնավորապես, ինչպես նշեց նախարարը, «Վեդի Ալկոն» դեռ ամբողջությամբ չի մարել անցած տարի մթերված խաղողի դիմաց պարտքը, և վերջին շրջանում այն, նվազելով, 900 մլնից հասել է մոտ 650 մլն դրամի:
168.am-ի հարցին, թե ի՞նչ է նշանակում կառավարության նախորդ նիստերից մեկում վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը, որ կարելի է պետական կառավարման լուծում կիրառել, Ի.Առաքելյանը պատասխանեց, որ եթե ընկերությունները գնան դեպի սնանկացման և պարտքերը չմարեն, պետությունը ստիպված կլինի կիրառել պետական կառավարման գործիքը: