Լևոն Ալթունյանի խոստովանությունը. «Կոնյակով վերցրել եմ»
ԾԻԳ-երի կրճատման վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հետ կապված առողջապահության նախարարությունում շարունակում են ուսումնասիրություններ կատարել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
«Հանձնարարականը կկատարվի լավագույնս: Լավագույնս կատարելու համար պետք է հարցն ուսումնասիրվի: Դրա համար պետք է ևս մի 20-25 օր»,- ասաց Լ.Ալթունյանը:
Ըստ նրա` իր պաշտոնավարման 100-րդ օրվանից հետո կներկայացնեն համակարգում իրականացվելիք բարեփոխումները:
Անդրադառնալով քաղաքացիների կողմից բժիշկներին տրվող տարբեր գումարներին, կոնյակներին, նախարարը նշեց, որ պետք է բժիշկների աշխատավարձը բարձրացնել, իսկ քաղաքացիներին` կրթել: Սակայն, ամեն դեպքում, ըստ նրա, կոնյակ կամ ծաղիկ ստանալը կոռուպցիոն դրսևորում չէ:
«Ծաղիկ չեն նվիրել, բայց կոնյակով վերցրել եմ»,- խոստովանեց Լ.Ալթունյանը:
Հարցին` արդյոք իրեն հարո՞ւստ, թե՞ աղքատ է համարում, Լ.Ալթունյանը պատասխանեց, որ բժիշկների համեմատ հարուստ է, բայց շատ հարուստների համեմատ` աղքատ: