Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ­-ում բարձրացրել է Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու հարցը

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հոկտեմբերի 12­-ին լիագումար նիստում ԵԽԽՎ­-ում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը կրկին բարձրացրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից կատարված վայրագությունները ռազմական հանցագործություն ճանաչելու հարցը։ Զոհրաբյանը ներկայացրել է այն իրավական հիմքերը, որոնց գործադրմամբ միջազգային հանրությունը պարտավոր է Ադրբեջանին ճանաչել ռազմական հանցագործ։

Մինչ իր ելույթին անցնելը Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ադրբեջանցի պատգամավոր Գանիրա Փաշաեւայի ելույթին՝ հայտարարելով, որ ադրբեջանցի պատվիրակը ստախոս է, եւ ԵԽԽՎ բարձր ամբիոնից նրա ներկայացրածը ադրբեջանական հերթական եւ մշտական սուտն ու կեղծիքն է։

Ինչպես տեղեկացրին ԲՀԿ մամուլի ծառայությունից, Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասել է՝

«Հարգելի գործընկերներ,

Ցեղասպանությունները, ինչին ականատես եղանք Հյուսիսային Իրաքում, ԴԱԻՇԻ կողմից՝ ընդդեմ էթնիկ եզդիների, ռազմական եւ մարդկության դեմ գործած հանցագործությունները, ցավոք, այսօր էլ շարունակվում են։ Ուստի Միջազգային Քրեական Դատարանի հետ համագործակցության առավել ճկուն մեխանիզմների մշակումը իրապես կարեւոր խնդիր է։ Այո, համաձայն եմ զեկուցողի հետ, որ մեր Վեհաժողովը պետք է հաստատի իր հանձնառությունը՝ պայքարելու անպատժելիության դեմ և աջակցելու Միջազգային Քրեական Դատարանին։

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան ռազմական ագրեսիայի ընթացքում դաժանաբար խոշտանգվեցին, սպանվեցին, գլխատվեցին եւ անարգվեցին ոչ միայն զինվորներ, այլ նաեւ քաղաքացիական անձիք, երեխաներ, օգտագործվեց միջազգային կոնվենցիաներով արգելված ռազմական տեխնիկա։ Բանական մարդու գիտակցության մեջ որեւէ կերպ չտեղավորվող խոշտանգումները, դիակների եւ ողջ մարդկանց գլխատումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ են, որոնք ենթադրում են հստակ պատասխանատվություն։ Տեղի ունեցածը աներկբա ռազմական հանցագործություն է, որը ընդդատյա է Միջազգային Քրեական Դատարանի։

Հարգելի գործընկերներ, հասկանալի է, որ թե՜ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը եւ թե՜ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, անելու են հնարավորը՝ Ադրբեջանին ռազմական հանցագործ ճանաչելու համար։ ԼՂՀ դատախազության կողմից ապրիլի առաջին օրերին արդեն հարուցվել է քրեական գործ, որով հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 1994­-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հրադադարի համաձայնագիրը։ Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա­հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտմամբ, հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, դպրոցներ, շինություններ, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների:

Իհարկե, Ադրբեջանը դեռեւս չի վավերացրել Հռոմի ստատուտը, սակայն նույն ստատուսը նախատեսում է, որ այդ դատարանին կարող է դիմել նաեւ ՄԱԿ-­ի անվտանգության խորհուրդը, Իսկ Միջազգային Քրեական Դատարանի դատախազը իրավասու է իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ:

Հարգելի գործընկերներ, Ադրբեջանը պետք է ճանաչվի ռազմական հանցագործ եւ ձեզանից շատերը տեղյակ են ադրբեջանցի հրոսակների վայրագություններին։ Ուրեմն՝ մի լռեք։ Մի լռեք նաեւ դուք, հարգելի զեկուցող, որ հայտարարում եք, թե պետք է անողոք պայքար մղել անպատժելիության եւ ռազմական հանցագործությունների դեմ»։

Տեսանյութեր

Լրահոս