Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից. Շավարշ Քոչարյան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձ է համարում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ։ Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այդ փորձը մեկ անգամ ապացուցում է այն, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, պատասախանելով Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի «ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի ԵԽԽՎում արված հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ» հարցին, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է. «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումն առաջին հերթին ուղղված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության:
Թուրքիայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը խեղաթյուրելու հերթական փորձն ևս մեկ անգամ ապացուցում է այն, ինչը բազմիցս հնչեցվել է մեր կողմից, որ Թուրքիային անհրաժեշտ է հնարավորինս հեռու պահել կարգավորման գործընթացից:
Ինչ վերաբերվում է հայթուրքական հարաբերությունների կարգավորման մասով Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա եթե Անկարան իրոք ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, նա ժամանակին կվավերացներ և կյանքի կկոչեր դեռևս 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայթուրքական արձանագրությունները»: