Բաժիններ՝

Նարեկ Սարգսյանն ընդունել է ամերիկահայ հայտնի ճարտարապետ Ռոն Ալթունին

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 12-­ին ընդունել է ամերիկահայ հայտնի ճարտարապետ, «Ալթուն և գործընկերներ» կազմակերպության տնօրեն Ռոն Ալթունին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով. «Ն. Սարգսյանը շնորհավորել է նրան Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստանալու կապակցությամբ՝ նշելով, որ շատ կարևորում է նրա՝ կուտակած փորձը դասախոսությունների, վարպետաց դասերի միջոցով ճարտարապետաշինարարական բուհի ուսանողներին փոխանցելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է նաև 88-­ի երկրաշարժից հետո՝ Սպիտակում, ապա նաև՝ Հայաստանում գործընկեր ճարտարապետների հետ Ռոն Ալթունի ծավալած գործունեությանը՝ բարձր գնահատելով նրա դերը՝ Հայաստանում կառույցների նախագծման և խորհրդատվության բնագավառում, մասնավորապես՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի նորակառույց մասնաշենքի և Ավետիսյանների անվան դպրոց-կենտրոնի (Մալաթիա­Սեբաստիա համայնք) ստեղծմամբ միջազգային չափանիշներով կանաչ և էներգախնայող նախագծի իրականացման, ընդհանրապես, նոր տեխնոլոգիաների կիրառման և օգտագործման առումով:

Ռոն Ալթունն իր գոհունակությունն ու պատրաստակամությունն է հայտնել իր նախանշած ծրագրերի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակելու առումով, այդ թվում նաև՝ ներկայացնելով իր նախաձեռնությունները՝ ճարտարապետ ուսանողների հայ­ ամերիկյան փոխանակման ծրագրի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Նարեկ Սարգսյանը և Ռոն Ալթունը երկուստեք կարևորել են առաջիկայում՝ ներդրումային զարգացման ծրագրերի համատեքստում համագործակցության խորացման անհրաժեշտությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս