Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ-­ում ներկայացրել է ՀՀ-­ում սահմանադրական բարեփոխումների գործընթացը

ԵԽԽՎ­-ում հոկտեմբերի 10­ին մեկնարկած աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ընթացիկ հաշվետվության ձևաչափում հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների գործընթացը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատակազմից, հավելելով. «Հայաստանի պետական և ժողովրդավարական հաստատությունների ամրապնդման համար սահմանադրական բարեփոխումները դիտարկելով որպես հույժ կարևոր իրադարձություն՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ դրանց արդյունքում բովանդակային եւ կառուցվածքային փոփոխություններ իրականացվեցին կառավարման մոդելում, ուժերի հավասարակշռության, ինքնակառավարման, դատաիրավական և օրենքի գերակայության ոլորտներում:

Հերմինե Նաղդալյանը հիշեցրել է, որ Սահմանադրական փոփոխությունների մշակման ողջ գործընթացը զարգացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ.

«Մեզ համար կարևոր է, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ լինեն Վենետիկի հանձնաժողովի կարծիքների հետ և համապատասխանեն ժամանակակից եվրոպական չափանիշներին: Հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից»,­- նշել է տիկին Նաղդալյանը՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանի քաղաքական համակարգը կդառնա ավելի բաց, թափանցիկ, ճկուն և քաղաքական ընդդիմության դիրքորոշմանն առավել արձագանքող:

Անդրադառնալով Ընտրական օրենսգիրքի քննարկումներին՝ ԱԺ փոխնախագահը եվրոպացի գործընկերներին ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն ընթացել է համատեղ ձևաչափով՝ իշխող կոալիցիայի, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ, այսպես կոչված՝ «4 + 4 + 4» ձևաչափով. Հերմինե Նաղդալյանի ելույթը ԵԽԽՎ-ում։

«Նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացը զարգացավ բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի միջևհամագործակցության ոգով: Հայաստանի իշխանությունները միտված են կոնսենսուս կառուցել երկրի առջև ծառացած կարևորագույն հարցերի շուրջ՝ մեկ գերագույն նպատակով՝ ապահովել և բարձրացնել ժողովրդի վստահությունը»,­իր խոսքում ընդգծել է տիկին Նաղդալյանը:

Այս համատեքստում Ընտրական օրենսգրքի քննարկումները ԱԺ փոխնախագահը համարել է բացառիկ համագործակցություն՝ ուղղված գալիք ընտրությունների համար կայուն և հուսալի հիմք ստեղծելուն.

«Ազատ և արդար ընտրությունների անցկացումը երկրի գերակայությունն է: Եվ դրանց պատշաճ ընթացքն ու լեգիտիմությունը շատ ավելի կարևոր են, քան արդյունքները»,­ իր ելույթում նշել է Հերմինե Նաղդալյանը՝ հույս հայտնելով, որ ժողովրդավարության ուղին ընտրած հայ ժողովուրդը այս բարեփոխումների շնորհիվ ունենալու է հասարակություն, որտեղ ապագա սերունդները կապրեն խաղաղության և կայունության մեջ:

Համեմատություն կատարելով Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունների վերջին հանրաքվեի հետ` Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այն Վենետիկի հանձնաժողովի լուրջ մտահոգությունն է առաջացրել, քանզի հանձնաժողովն ամբողջովին դուրս է մնացել փոփոխությունների մշակման գործընթացից, և ընդգծել, որ ավտորիտար վարչակարգերին բնորոշ` այս հանրաքվեն կոչված էր պաշտպանելու Ալիևների տոհմի հավերժ իշխանությունը:

«Տարածաշրջանի երկրների ժողովրդավարական բարեփոխումները խաղաղության եւ անվտանգության ամենահուսալի ճանապարհն են: Եթե այս սկզբունքները ընդունվեին մեր որոշ հարևանների կողմից, մենք կունենայինք այլ իրականություն»,­- ելույթը եզրափակել է ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս