Բաժիններ՝

«Իմ կայացրած որոշումից հետո ծնողներս եկան Հայաստան». Գաել Անդոնյան

Հայաստանի ազգային հավաքականի և ֆրանսիական «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը զրուցել է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի լրագրողների հետ: Հայ ֆուտբոլիստը պատմել է այն մասին, թե ինչու է ընտրել Հայաստանի հավաքականը և չի սպասել այն պահին, երբ իրեն հրավիրեն Ֆրանսիայի հավաքական:

Գաելը պատմել է, որ անակնկալի է եկել, երբ ստացել է հրավեր հավաքականից: Հայ ֆուտբոլիստը պատմել է, որ իր համար չափազանց հուզիչ է եղել այն պահը, երբ օդանավակայոնւմ իրեն դիմավորել են հայ երկրպագուները:

«Աշխատանքային օր էր, գիշեր: Ես մտածում էի, որ օդանավակայանում կլինեն ամենաշատը մի քանի լրագրողներ: Ես շատ հայտնի անուն չունեմ և մեծ անակնկալ էր այդքան մարդ տեսնելը: Ինձ համար նորմալ կլիներ, որ օդանավակայանում մարդ չլիներ: Բայց ես տեսա շատ մարդկանց, տեսախցիկներ, հայկական դրոշներ: Դա շատ հուզիչ էր և պատասխանատու»,- պատմել է Գաելը:

Գաելը նշել է, որ Հայաստանի հավաքականն ընտրելու ժամանակ երկար չի մտածել, պարզապես թույլ է տվել, որ որոշում կայացնի իր սիրտը:

«Հայ եմ հարյուր տոկոսով: Մանկուց ծանոթ եմ հայկական մշակույթին: Տատիկս ու պապիկս Հայաստանից են: Փոքր տարիքից սիրում էի գնալ նրանց տուն, ուտել հայկական ուտեստներ, լսել, թե ինչպես են նրանք հայերեն խոսում: Ընտանիքս Հայաստանում չէր եղել շատ երկար ժամանակ: Իմ կայացրած որոշումից հետո ծնողներս եկան Հայաստան»:

Գաելը նշել է, որ իր համար կարևոր է խաղադաշտում մոռանալ անհատներին և խաղալ հնարավորության ներածին չափով: Ըստ Գաելի՝ շատ լավ է բարձրակարգ հավաքականների և ֆուտբոլիստների հետ խաղալը: Այդ դեպքում անում ես ամեն ինչ, որպեսզի հավասարվես նրանց մակարդակին:

Գաելը նշել է, որ հավաքականը փորձելու է անել ամեն բան՝ խմբից դուրս գալու և փլեյ-օֆֆում խաղալու համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս