Վրաստանի ԿԸՀ-ի նախագահը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու հնարավորության մասին
Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան կիրակի օրը հայտարարել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորության մասին բազմաթիվ միամանդատային շրջաններում, հայտնում է RIA Novosti-ն:
Երեկ կայացած խորհրդարանական ընտրություններն անցկացվել են խառը ընտրակարգով՝ 77 մարդ ընտրվելու է կուսակցական ցուցակներով (համամասնական ընտրակարգով), 73 պատգամավոր՝ միամանդատային շրջաններից (մեծամասնական համակարգով):
«Կուսակցական» տեղերին հավակնում էր 19 կուսակցություն և 6 ընտրական դաշինք:
Նրանց անհրաժեշտ էր ստանալ ընտրողների նվազագույնը 5% ձայները խորհրդարանում հայտնվելու համար:
Մեծամասնական թեկնածուներին անհրաժեշտ էր հավաքել ձայների 50%-ը՝ գումարած 1 ձայն:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ 73 միամանդատային ընտրական շրջաններից 50 տոկոսից ավելի ձայն են հավաքել 24 շրջանների թեկնածուները, որոնք ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը:
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումից» առաջատար է միայն մեկ թեկնածու՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը, ով առաջադրվել է Զուգդիդիի շրջանում: Նրա օգտին, ըստ նախնական տվյալների, քվեարկել է 1191 ընտրող կամ 46,21%, ինչը «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուից ավելի է 2,17%-ով:
«Տվյալները, որոնք այս պահին ունենք, հնարավորություն չեն տալիս ասել, թե քանի միամանդատային շրջաններում կպահանջվի երկրորդ փուլի անցկացում, բայց, դատելով ամեն ինչից, երկրորդ փուլ կարող է պահանջվել շատ շրջաններում»,- հայտարարել է Ժվանիան:
Ձայների 65,61%-ի հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ընտրողների ձայների 50 տոկոսից մի քիչ պակաս, իսկ նախկին նախագահի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը»՝ 26,7 տոկոս ձայն:
Մյուս կուսակցությունները, այդ թվում՝ Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի կուսակցությունը, չեն հաղթահարում հինգ տոկոսի շեմը: