«Ես չեմ կարող լքել թիմն այս իրավիճակում». Վարուժան Սուքիասյան
Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ռումինիա խաղը սարսափի ժանրից էր: Դեռ չէր անցել 20 րոպե, իսկ հավաքականը պարտվում էր 0:3 հաշվով:
Առանց այն էլ կադրային լուրջ խնդիրներ ունեցող հավաքականի խաղը ծայրահեղ ծանր սկսվեց ֆուտբոլիստների համար: Նախ խաղի 3-րդ րոպեին Գոռ Մալաքյանը խաղաց ձեռքով և հեռացվեց դաշտից, իսկ Արսեն Բեգլարյանը չկարողացավ կատարել նախորդ խաղի սխրանքը և հետ չմղեց 11 մետրանոցը: Խաղակեսի վերջնամասում էլ փոխարինվեց պաշտպանության գծի առաջատարներից մեկը՝ Գաել Անդոնյանը:
Արդյունքում հաշիվը 0:5 էր և անգամ ամենալավատես երկրպագուն չէր մտածում արտաբերել մեզ համար սովորական դարձած բարոյական հաղթանակ եզրույթը:
Խաղից հետո ասուլիսով հանդես եկավ հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Պետք է նկատել, որ ասուլիսը անցավ շատ լարված մթնոլորտում:
Լրագրողները ունեին մի շարք հարցրեր, որոնց պատասխանները այդպես էլ չստացան կամ ստացան խուսափողական պատասխաններ:
Շատերը նման խայտառակ խաղից հետո սպասում էին Սուքիասյանի հրաժարականին: Ի պատասխան հրաժարականի մասին հարցի՝ Սուքիասյանը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Հրաժարական կտա այն դեպքում, երբ նման պահանջ առաջադրվի ֆեդերացիայի կողմից:
Խոսելով կադրային խնդիրների մասին՝ Սուքիասյանը անդրադարձավ նաև Յուրա Մովսիսյանին հավաքական չհրավիրելու խնդրին: Ըստ հավաքականի գլխավոր մարզչի՝ ինքը փնտրել է Յուրայի հետ հանդիպելու եզրեր, սակայն վերջինս հրաժարվել է:
«Փորձե՞լ եք հաշվել, թե քանի խաղացող ենք կորցրել վնասվածքների պատճառով: Իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողը վնասվածք ստացավ:
Մրցակիցը ուժեղ էր, սակայն մենք էլ շատ սխալներ գործեցինք: Դեռ չէինք հասցրել ուշքի գալ՝ երկրորդ, երրորդ գոլն ընդունեցինք: Ես մեղքը ինձ վրա եմ վերցնում»:
Վարուժան Սուքիասյանը նշեց նաև, որ Գաել Անդոնյանը փոխարինվել է, սակայն վնասվածք չունի. «Նա կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի արդյունքում հավաքականը գոլ ընդունեց սեփական դարպասը: Այդ սխալից հետո նա չցանկացավ շարունակել խաղը»:
Ըստ Վարուժան Սուքիասյանի՝ Գեղամ Կադինյանի վնասվածքը լուրջ է:
Հավաքականի գլխավոր մարզիչը կարևորում է ֆուտբոլիստների մեջ մարտական ոգին բարձրացնելը. «Դեռևս կան վնասվածքներ, որոնք խանգարում են թիմին, սակայն հետագայում այս իրավիճակը կշտկվի»:
Սիրարփի Աղաբաբյան