Այս կառավարությունը տեխնոկրատների կառավարություն չէ. Զարուհի Փոստանջյան

«Կառավարության նոր կազմը չի ներշնչում փոփոխությունների այն իրական ցանկությունը, որ մենք ակնկալում ենք, այլ մատնանշում է, որ կառավարությունը շարունակելու է նույն գործառույթները»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա` այս կառավարությունը ներկայացրեց մի Հարկային օրենսգիրք, որով խաղի կանոնների փոփոխություններ չենք կարող ակնկալել, այսինքն` նույն վարքագիծն է դրսևորվում, ինչ եղել է նախորդ կառավարության կողմից: Զ.Փոստանջյանի կարծիքով` նաև այն, որ այս կառավարությունն իբր տեխնոկրատների կառավարություն է, չի համապատասխանում իրականությանը, և միայն էնտուզիազմով ու ցածր աշխատավարձով հնարավոր չէ փոփոխությունների հասնել:

«Այս անվանումների փոփոխությունը չի ազդելու մեր կյանքի որակի վրա»,- ընդգծեց Զ.Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով` իրականացվող գործընթացներն արմատական փոփոխություններ չեն, Սերժ Սարգսյանն, ըստ էության, մանրում է իր կարողությունները, որոնց մեջ էին մտնում նաև Սուրիկ Խաչատրյանի նման մարզպետները, փորձում է մանիպուլացնել, այսինքն` թյուրիմացության մեջ գցել հանրությանը, որ իբր այս արատավոր մարդկանցից ազատվում է, ու թեև նրանք համակարգի հիմնասյուներն էին, բայց եթե համակարգային փոփոխություններ չեն իրականացվում, օրինակ` Ընտրական օրենսգիրքը, որտեղ պահպանվում է մենաշնորհը, այս կերպ փորձում է պահպանել իր իշխանությունը. «Իրականում նման պայմաններում առաջընթաց չենք կարող ունենալ, քաղաքական մենաշնորհը պետք է վերանա, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրացնել իր ազատ ընտրելու իրավունքը»:

Զ.Փոստանջյանն իրականացվող փոփոխություներն անվանեց «կոսմետիկ», որոնք որակական ազդեցություն չեն ունենալու մեր կյանքում: Ըստ նրա, եթե իրապես ցանկանում ենք դուրս գալ այս ճգնաժամից, բոլոր հայաշատ վայրերից պետք է պատգամավորներ լինեն խորհրդարանում, ներդրումների համար պետք է ներգրավել ողջ հայ ժողովրդին, իսկ մարդիկ ներդրումներ կանեն այն դեպքում, եթե իմանան, որ այստեղ ներկայացուցիչներ ունեն: Սակայն, շեշտեց Զ.Փոստանջյանը, մեր ժողովուրդը զրկված է այստեղ ներկայացուցիչ ունենալուց և ընտրելու իրավունքից: Պատգամավորը` մեջբերեց Աճեմօղլուի խոսքը, որ Հայաստանի խնդիրը քաղաքական ինստիտուտներն են:

«Ավտորիտար ռեժիմը ունակ չէ կանխել պատերազմը, զարգացնել տետսությունը, պատմական հայրենիքում կազմակերպել հայահավաքը: Աֆտորիտար ռեժիմից պետք է օր առաջ ազատվել և բոլոր վայրերում հայրեը պետք է մասնակից լինեն հայրենիքի գործընթացներին»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Տեսանյութեր

Լրահոս