Շարմազանովն անդրադարձել է Վանաձորում Քրիստ Մարուքյանին սատարելու ՀՎԿ-­ի որոշմանը

Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր անելիքը՝ սատարել այս կամ այն քաղաքական ուժին, թե ոչ: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է կայացրել Վանաձորի քաղաքապետի պաշտոնում սատարել «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Քրիստ Մարուքյանի թեկնածությունը: «Իմ գնահատականն այդ ամենին կլինի քաղաքապետի ընտրությունից հետո: Վանաձորում որևէ քաղաքական ուժ 40 տոկոսից ավել չի հավաքել և հարկավոր է, որպեսզի լինի կոալիցիա, որպեսզի մանդատները բաշխվեն: Սպասենք կուսակցությունների որոշմանը»,­- «Արմենպրես»­-ի հաղորդմամբ՝ ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ վերջնական արդյունքում կլինի այնպես, ինչպես կընտրեն ավագանու 33 անդամները, իսկ Վանաձորին հարկավոր է կոնկրետ ժամկետներում ունենալ քաղաքային իշխանություն: «Ոմանք նշել էին, որ չի բացառվում, որ Վանաձորում լինի ևս մեկ ընտրություն, սակայն վանաձորցուն անհրաժեշտ է օր առաջ ձևավորել կենսունակ քաղաքային իշխանություն, որը կաշխատի Վանաձորի բնակչության մատից փուշ հանելու օգտին»,­- նշեց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ ՀՀԿ­ի համար կորուստ կլինի՞, եթե չհաջողվի այնտեղ ունենալ քաղաքապետի սեփական թեկնածու, Շարմազանովն ընդգծեց, որ դա ցույց կտա ժամանակը: Միևնույն ժամանակ ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ՏԻՄ ընտրություններն այլ յուրահատկություն ունեն, խորհրդարանական ընտրություններն՝ այլ: Նա հավելեց, որ այս համատեքստում ՏԻՄ ընտրություններում քիչ ձայներ հավաքած քաղաքական ուժերը չպետք է հուսահատվեն, իսկ շատ ձայներ հավաքածները չպետք է շատ ոգևորվեն:

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը հայտարարել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանին սատարելու մասին: Եթե ԼՀ­-ին և ՀՎԿ­-ին միանա նաև ԲՀԿ-­ն, Վանաձորում ՀՀԿ­-ն կարող է կանգնել քաղաքապետ ընտրելուց զրկվելու վտանգի առաջ: Իսկ ԲՀԿ-­ն արդեն հայտարարել է, որ կմիանա ցանկացած որոշման, որ կկայացնեն ԼՀ­-ն և ՀՎԿ­-ն:

Տեսանյութեր

Լրահոս