Բաժիններ՝

Կազմակերպությունների լուծարման ընթացակարգը կհեշտացվի

«Այն, որ մենք թույլ ենք տալիս հասարակական կազմակերպություններին (հ/կ) ձեռնարկատիրությամբ զբաղվել, սա, կարելի է ասել, հեղափոխական առաջընթաց է։ Սրա կողքին կան շատ հնացած բաներ, որոնք գալիս են տոտալիտար անցյալից, օրինակ՝ կազմակերպությունների գրանցումն ու լուծարումն այսպիսի մեթոդներով։ Հիմա մենք կարծես քայլեր արել ենք, բայց որոշակի թերություններ պահպանել ենք։ Նույն այդ աուդիտի, պարտադիր հաշվետվությունների գաղափարը բացարձակապես անհասկանալի է ինձ համար՝ ի՞նչ հարց է լուծում, ինչի՞ համար է պետք, ի՞նչ խնդիր կարող ենք սրանով լուծել։ Ես առաջարկում եմ՝ նախարարի հետ միասին կազմակերպեք, առաջինից երկրորդ ընթերցմանն այս հարցերին անդրադառնանք, ես էլ իմ առաջարկները կներկայացնեմ»,- այսօր ԱԺ-ում դիմելով ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին՝ ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը։

Մինչդեռ Էլինար Վարդանյանը նկատեց, որ նոր նախագծով գրանցումն էականորեն հեշտացվել է.

«Եթե կազմակերպությունն օգտվում է կանոնադրության նմուշային ձևից, այս դեպքում՝ գրանցումը կարող է տևել ընդամենը 2 օր։ Ձեր կողմից հնչեցված՝ առանց գրանցման գործունեության հնարավորություն ունեն քաղաքացիական նախաձեռնությունները։ Այսինքն՝ անունների տարբերությունը բովանդակության վրա չի ազդում։ Քաղաքացիական նախաձեռնությունը նույն գործունեությունն իրականացնում է առանց գրանցման, առանց իրավական որևէ կարգավիճակի, իսկ հասարակական կազմակերպությունը պետք է գրանցվի, որպեսզի կարողանա որոշակի իրավական գործառույթներ իրականացնել։ Ինչ վերաբերում է լուծարման գործընթացին, այո, դուք ճիշտ եք, նախարարն էլ ասաց, որ ներկայացվելու են Քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններ, որտեղ կնախատեսվի լուծարման ավելի դյուրին ընթացակարգ։ Կան կազմակերպություններ, որոնք «զահլա» չունեն՝ գնալ լուծարման գործընթացների հետևից և այլն, բայց այն, որ դա փոփոխության ենթարկվելու է, միանշանակ է»։

Լևոն Մարտիրոսյանը, սակայն, նորից նշեց, որ կազմակերպությունը թող որոշի՝ գրանցվե՞լ, թե՞ ոչ, և ըստ նրա՝ լուծարման բարդությունն է բերում նրան, որ շատերը չեն գրանցվում։ Էլինար Վարդանյանն էլ նկատեց, որ իրենք նույն բանի մասին են խոսում, և ավելացնելու ոչինչ չունի։

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ այսպես արձագանքեց. «Սա այն դեպքն է, երբ ընդդիմությունն ու իշխանությունը նույն բանի մասին ունեն նույն կարծիքը, շատ հաճելի է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս