
«Երևան Օփեն»-ում կայացան երրորդ տուրի հանդիպումները

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է«Երևան Օփեն» անդրանիկ միջազգային մրցաշարը, որում երեկ կայացան երրորդ տուրի հանդիպումները, և արդեն նշվարվեցին մրցաշարի առաջատարները:
Ինչպես նախորդ երկու տուրերում` երրորդում նույնպես գրանցվեցին մի շարք անակնկալներ: Մասնավորապես Արսեն Եզիազարյանը գեղեցիկ ոճով հաղթեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Նաբաթի Տամիրին: 4-րդ տուրում պարտություններ կրեցին նաև Տիգրան Լ. Պետրոսյանը և Զավեն Անդրիասյանը:
Անսպասելի ավարտ ունեցավ նաև մրցաշարում մինչև այժմ խաղացված ամենաերկար պարտիան, որում Սամվել Տեր-Սահակյանը մրցում էր Սեդրակ Մաթևոսյանի դեմ:
Մրցակիցները պարտիայում կատարեցին 195 քայլ: Ամբողջ պարտիան առավելություն ունեցող Սամվել Տեր-Սահակյանը այդպես էլ չկարողացավ կոտրել Մաթևոսյանի համառ պաշտպանությունը, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Երրորդ տուրից հետո 10 շախմատիստ 3 հնարավորից վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 100 տոկոսանոց արդյունք ունեցող շախմատիստների թվում է Ռաֆայել Վահանյանը, ով այսօր կմրցի Հովիկ Հայրապետյանի դեմ: Տուրի մյուս կենտրոնական հանդիպումներն են` Ռոբերտ-Հովհաննիսյան- Տիգրան Հարությունյան, Վահե Բաղդասարյան – Պավել Սմիրնով մրցախաղերը: