ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրենը տպավորված է հայկական գինու բարձր որակով
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Կառլոս Վոգելերը մասնակցել էր օրերս Արենի գյուղում կայացած գինու փառատոնին, որտեղ եւ առաջին անգամ համտեսել էր հայկական գինին: Նրա խոսքով` շատ տպավորված է:
«Ես կցանկանայի նշել ոչ միայն գինու բարձր որակի մասին, այլեւ նրա, թե ինչ նշանակություն ուներ այս փառատոնը: Ի վերջո, մենք այնտեղ էինք, որտեղից ամեն ինչ սկիզբ է առել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նա: Վոգելերը նշեց, որ նրան շատ են դուր եկել մարդիկ, եւ թե ինչպես են նրանք մասնակցում փառատոնին:
«Ամենաշատը գնահատել եմ մարդկանց մասնակցությունը: Միջոցառումը շատ անմիջական էր եւ իրականություն էր դառնում հենց մարդկանցով: Նրանք պարում էին, զվարճանում, հպարտությամբ ներկայացնում իրենց արտադրանքը: Մենք հնարավորություն ունեցանք շրջելու տարբեր տաղավարներով, գինի եւ գյուղական այլ մթերքներ համտեսել, սակայն ամենատպավորիչը մարդիկ էին, նրանց տրամադրությունը, ներգրավվածությունը: Եվ ես հասկացա, թե տարիների ընթացքում ինչ մեծ աճ է գրանցել այս փառատոնը»,- ընդգծեց Կառլոս Վոգելերը:
Հոկտեմբերի 1ին Արենի գյուղում 8-րդ անգամ կայացավ ավանդական Արենի գինու փառատոնը: Գինի արտադրող 18 կազմակերպություններ փառատոնի շրջանակում ներկայացրին իրենց արտադրանքը: