«Սա իմ առաջին համերգն է Օպերային թատրոնում». Կոնստանտին Օրբելյանը՝ առաջիկա համերգի մասին
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի ունեցավ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանի և թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հանդիպումը լրագրողների հետ:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոնստանտին Օրբելյանն ու Անդրանիկ Արզումանյանը խոսեցին առաջիկա համերգի մասին, որը նախատեսված է հոկտեմբերի 8-ին՝ Կ. Օրբելյանի ղեկավարությամբ:
«Սա իմ առաջին համերգն է Օպերային թատրոնում, որի առիթով բոլորին հրավիրում եմ: Կլինեն հատվածներ «Աիդա», «Կարմեն», «Նորմա», «Եվգենի Օնեգին» օպերաներից, վերջինը երկար ժամանակ չի հնչել օպերայի բեմից, այնպես որ, կարծում եմ՝ հետաքրքիր ծրագիր է սպասվում՝ երգչախմբի, մենակատարների մասնակցությամբ»,- նշեց թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կ. Օրբելյանը:
Առաջիկա համերգին ելույթ են ունենալու թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը, ինչպես նաև առաջատար մեներգիչներ Մարինե Դեինյանը, Գևորգ Հակոբյանը, Հովհաննես Այվազյանը, Հասմիկ Թորոսյանը, Սյուզաննա Մելքոնյանը և Լիլիթ Հակոբյանը: Համերգի հրավիրյալ խմբավարն է Ստեֆան Հարիսը Մեծ Բրիտանիայից: Ծրագրում կհնչեն Վ. Բելինիի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչինիի, Ժ. Բիզեի և Պ. Չայկովսկու ստեղծագործություններից:
Խոսելով թատրոնի առաջիկա ծրագրերի մասին՝ գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ ապրիլ ամսին նախատեսվում է իրականացնել օպերային փառատոն, որին մասնակցություն կբերեն հայտնի երաժիշտներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
168.am-ի այն հարցին՝ կա՞ն արդեն նախապես ձեռք բերված պայմանավորվածություններ, բանախոսը պատասխանեց. «Դեռ վաղ է խոսել պայմանավորվածությունների մասին, կարող եմ ասել միայն, որ այսօր այստեղ է Մեծ Բրիտանիայից հրավիրյալ խմբավար Ստեֆան Հարիսը, ով այստեղ է առաջիկա համերգին մասնակցելու նպատակով»:
Օպերային թատրոնը ֆինանսավորվում է տարեկան մեկ անգամ, և հատկացվող բյուջեն արդեն իսկ խոստումնալից չէ: Հետևաբար՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարն Օպերային թատրոնի երկրպագուներին և ոլորտի առաջընթացքով հետաքրքրվողներին հորդորում է լինել համբերատար: Այս պահին թատրոնում նախապատրաստական ընթացքի մեջ են Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի բեմադրական աշխատանքները, որ հանդիսատեսի դատին կհանձնվի ընթացիկ ամսվա 22-ին: Դեկտեմբերի 24-25-ին տեղի կունենա Ա. Խաչատուրյանի «Դիմակահանդեսը», իսկ հաջորդ տարվա մայիս ամսին կսպասենք «Մադամ Բատերֆլայ» («Չիո-Չիո-Սան») օպերայի պրեմիերային: