«Ինչ միջոցներ էլ որ ձեռք բերի Ադրբեջանը, այն չի կարող «Իսկանդերին» հակազդող միջոց լինել». Ալեքսանդր Իսկանդարյան
«Ադրբեջանական մամուլի հրապարակումները, թե Իսրայելը մտադիր է հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգեր մատակարարել Ադրբեջանին, վկայում է այդ երկրում առկա հիստերիայի մասին այն բանից հետո, երբ Հայաստանը ցուցադրեց իր զինատեսակները, մասնավորապես՝ «Իսկանդերը»»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կովկաս ինտիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Երկրորդը, որ ավելի մտահոգիչ է, հայկական որոշ լրատվամիջոցների ոչ արհեստավարժությունն է»,- ասաց նա՝ նշելով, որ հայկական լրատվամիջոցները մեծ սխալ են թույլ տվել, երբ տարածել են «նման անհեթեթ լուրը՝ առանց մանրամասներն իմանալու»:
«Այդ պատգամավորը՝ Եվդա Աբրամովը, որը հայտարարել է, թե Իսրայելը նման միջոցներ է տրամադրելու Ադրբեջանին, ռազմական փորձագետ չէ, զինվորական ոչ մի բանի հետ կապ չունի, որ կարողանա խոսել այդպիսի հարցերի մասին: Նա ոչ մի նման հայտարարություն անել չի կարող, և այս ամենի մասին ես իմացա ընդամենը տասը րոպեում՝ այսպես ասած, լրագրողական հետաքննության միջոցով։ Այնպես որ, հայկական լրատվամիջոցները նույնպես կարող էին մինչ այդ անհեթեթության տիրաժավորումն իմանալ, թե ով ինչի մասին է հայտարարում»,- նշեց Ա.Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի «Երկաթյա գմբեթ» էլ Ադրբեջանը չի գնել ու չի գնի. «Նա ֆինանսական միջոցներ չունի նման համակարգ գնելու համար։ Բացի այդ՝ «Իսկանդերի» դեմ այն ընդհանրապես անպետք է, կարող է որոշակի ազդեցություն ունենալ «գրադների» վրա։ Եթե անգամ ենթադրենք, որ Ադրբեջանին այն պետք է, ու այդքան փող ունեն, բայց Իսրայելը նրան չի վաճառի նման զինատեսակ»։
«Հասկանում եմ լրատվամիջոցների տրամաբանությունը. հայկական իրականության մեջ ուզում են ամեն ինչ վատը ներկայացնել, փորձում են ամեն կերպ «Իսկանդեր» համակարգը ներկայացնել՝ որպես ոչ պիտանի մի իր: Այդ ամենը խոսում է հայկական որոշ լրատվամիջոցների ոչ պրոֆեսիոնալիզմի մասին: Ամեն դեպքում, ինչ միջոցներ էլ որ ձեռք բերի Ադրբեջանը, այն չի կարող «Իսկանդերին» հակազդող միջոց լինել»,- ասաց քաղաքագետը: