Ուրիխանյան vs Շարմազանով. ո՞վ է ումից ներողություն հայցելու
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի և պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի միջև երեկ Նիստերի դահլիճում սկսված վեճն այսօր շարունակվեց ԱԺ միջանցքներում:
Շարմազանովը, հիշեցնենք, երեկ, ի պատասխան ԱԺ ամբիոնից Ուրիխանյանի անպարկեշտ և հայհոյախառն արտահայտությունների՝ հայտարարել էր, որ ցնցված է գործընկերոջ ելույթից, և նրա «տեղը ոչ թե պառլամենտն է, այլ ախոռը»: Այսօր Ուրիխանյանը լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե Շարմազանովի կյանքը դժոխքի է վերածելու:
Քիչ առաջ Տ.Ուրիխանյանն Է.Շարմազանովի աշխատասենյակում էր, ներկա էին նաև ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանն ու ԲՀԿ-ական Արագած Ախոյանը:
Հանդիպումից հետո Ուրիխանյանը չէր փոխել իր դիրքորոշումը և լրագրողների հետ զրույցում պնդեց, թե Շարմազանովն իրենից պետք է ներողություն հայցի:
«Ինձ չեն կարող կանչել որևէ տեղ, որտեղ ինքս չեմ գնա»,- ասաց նա:
Թե ինչպե՞ս է Ուրիխանյանն իր կյանքը դժոխքի վերածելու, Է.Շարմազանովը հորդորեց հարցնել Ուրիխանյանից: Նա նշեց, թե ինքը ոչ թե կանչել, այլ գործընկերոջը հրավիրել էր իր մոտ, և ինքը որևէ մի պատգամավորի հետ որևէ խնդիր չունի. «Ես այս պառլամենտում խաղաղության աղավնու դերում եմ»: