«Արկադի Փելեշյանի երեխաներն իմ եղբոր սանիկներն են». Էդուարդ Շարմազանով

«Արկադի Փելեշյանի երեխաներն իմ եղբոր սանիկներն են, շատ լավ երեխաներ են, Աստված իրենց առողջություն տա: Ինչ վերաբերում է տվյալ դեպքին, ապա քննչական և որոնողական գործողություններն իրականացվել են, խնդիրն իրավական տիրույթում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ իրենք իրավունք չունեն միջամտելու իրավապահների գործողություններին:

Նրա խոսքով, անկախ նրանից՝ իր սանիկն է, իր հարազատ եղբայրն է, կամ ինքն է կատարել, եթե պարզվի, որ նման բան եղել է, դա դատապարտելի և անընդունելի է, երևույթներ կան, որ չպետք է արվեն:

«Ես մարդկային հարաբերությունները երբեք չեմ կապում քաղաքական հարաբերությունների հետ: Ես ունեմ ընկերներ այլ քաղաքական ուժերում, ունեմ ընկերներ լրագրողների շրջանում, որ նաև ինձ են շատ խիստ քննադատում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է լինենք ընկերներ: Հայրս է ինձ այդպես դաստիարակել` մարդկային հարաբերությունները չի կարելի քաղաքական հարաբերությունների հետ կապել: Արկադի Փելեշյանն ինքն է որոշել մտնել «Հայկական վերածնունդ», ես ո՛չ միջամտել եմ, ո՛չ էլ դրա իրավունքն ունեի»,- ասաց Է.Շարմազանովը:

Նրա խոսքով` ինքը չի մտածել Փելեշյանին ՀՀԿ ցուցակով առաջադրելու մասին: Շարմազանովը նշեց, որ իր սկզբունքներով` քաղաքականության մեջ պետք է լինեն ուսյալ, ոչ կոռումպացված, բռունցքներով հարցեր չլուծող անձինք. «Եթե քաղաքական գործիչը քաղաքական մշակույթի կանոններով չի փորձում լուծել իր առջև դրված խնդիրները, նա քաղաքականության մեջ անելիք չունի: Ես էլ եմ ժամանակին շատ սխալվել, բայց բարեբախտաբար, վերջերս քիչ է պատահում»:

Է. Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն մտահոգություն չունի Վանաձորում քաղաքապետի պաշտոնը կորցնելու առումով, և իրենց խնդիրն ամեն գնով Վանաձորում քաղաքապետ ունենալը չէ: Նրա կարծիքով` այսօր վանաձորցուն անհրաժեշտ է քաղաքային իշխանություն, որ պետք է օր առաջ ձևավորել, իսկ եթե դասական ընդդիմություն-իշխանություն սխեմայով գնան, կարող է Վանաձորում երբեք բյուջե չձևավորվի, քանի որ ընդդիմադիրներն էլ իրար խանդով են վերաբերվում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ի երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության՝ Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահ Ռաֆիկ Գրիգորյանին: Փելեշյանն ասել է, թե Ավետարանի հավատքի եկեղեցիների միության նախագահը ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել և հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին աշխատել ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Արկադի Փելեշյանը բերման է ենթարկվել:

 

Տեսանյութեր

Լրահոս