«Ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա». Սեյրան Սարոյանը՝ «Իսկանդերի» մասին

Հայաստանի նախագահը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին շուտով ավելի լավ պաշտոն կտա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց Ազգային ժողովի ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

«Ես հաստատ չգիտեմ, թե ո՞ւր են տանելու, բայց որ Սեյրան Մուշեղիչին կտանեն մի պիտանի տեղ, որտեղ մեր պետության ու ժողովրդի համար գործ կանի, դրա մասին չկասկածեք»,- ասաց Ս. Սարոյանը:

Ըստ նրա` «Սեյրան Մուշեղիչը շատ լավ, բանակաշինության մեջ հզոր նախարար ա եղել», բայց միշտ էլ փոփոխություններ են պետք. «Մարդը մի տեղ երկար տարիներ մնալուց թերություններն աչքին չեն գալիս»:

Անդրադառնալով ՊՆ նոր նախարար Վիգեն Սարգսյանի` բանակում ծառայած չլինելու մասին քննարկումներին, Ս. Սարոյանը հայտարարեց, թե նման լուրեր տարածողները չարաչար սխալվում են, քանի որ Վ. Սարգսյանն իր կարիերան սկսել է հենց բանակից.

«Վիգենը երբ որ սովորելուց եկել ա, եկել ա մեր նախարարի մոտ, էն ժամանակ նախարարը նախագահն էր: Մենք միշտ Վիգենին համարել ենք բանակի տղա: Վիգենը բանակը շատ լավ պատկերացնում ա»:

Սեյրան Սարոյանի խոսքով` անգամ 2017թ.  խորհրդարանական ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանը կմնա նախարարի պաշտոնում:

Գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Յուրի Խաչատուրովի պաշտոնանկության հարցը Ս. Սարոյանը չկապեց նրա որդու արարքներին: Ս. Սարոյանի կարծիքով` նրա որդին՝ Գրիշա Խաչատուրովը, շատ լավ տղա է, շատ լավ ծառայող է, հոր հետ կապ չունի, շատ կիրթ ու ձիգ զինվորական է. «Ուզում եմ ասեմ, որ ոչ թե Խաչատուրովի խաթր են նշանակել իրա տղուն, այլ հենց Խաչատուրովի տղա Գրիշան արժանի տղա ա»:

Անձամբ Յուրի Խաչատուրովի մասին Ս. Սարոյանը կարծում է, որ նա տարիքն առել է, ու տուն գնալու ժամանակն է, կարող է մնալ «գրաժդանսկի» պաշտոնի:

Հայաստանի Անկախության  25-ամյակի առթիվ զորահանդեսի ժամանակ ցուցադրված «Իսկանդերի» վերաբերյալ Ս. Սարոյանը հայտարարեց, թե դրանք Հայաստանինն են ու, եթե դրանից մենք ենք վախենում, ադրբեջանցիները ո՞նց չեն վախենա, ավելին, ուրիշ «զապաս» զենքեր էլ կան Հայոց բանակում.

««Իսկանդերը» մերն ա, բա հո ձրի չի՞, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա… Դա մեր սեփականն ա, մեր ջիպը ո՞նց եմ ես նստում քշում, այ տենց: Մուտիլովշիկներն են ըտենց բաներ խոսում: Ադրբեջանցիները շատ գիտեի՞ն, որ մենք «Իսկանդեր» ունենք, նոր հանեցինք մեյդան: Լսելը ուրիշ բան էր, տենալը՝ ուրիշ բան»:

Տեսանյութեր

Լրահոս