ՄԻՊ-ը ՏԻՄ ընտրություններում խախտումների վերաբերյալ հաղորդումներ է ներկայացրել գլխավոր դատախազություն
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում և դրանից հետո ահազանգեր է ստացել խախտումների վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Վաղ առավոտից աշխատում էինք։ Այդ օրն ունեինք գործուղղված աշխատակիցներ ընտրատարածքներ, ովքեր մոնիթորինգ էին իրականցնում։ Օրենքի ուժով մենք իրավունք չունեինք ներկա գտնվելու ընտրատեղամասում։ Բայց մենք գրանցում ենք բոլոր իրավախախտումները, հետևում ենք բոլոր ահազանգերին։ Շուրջ 250 մամուլի հրապարակում օրվա վերջին արդեն ուսումնասիրված էր։ Դրանք ամփոփվել են և, մոտավորապես, 40-ը այն հրապարակումներն են, որոնց վերաբերյալ մենք հաղորդումներ ենք ուղղարկել գլխավոր դատախազություն՝ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված գործընթաց սկսելու համար»,- ասաց Թաթոյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց նաև արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու կողմից խոշտանգված զինվորների մասին։ Մեր այն հարցին, թե ինչ տեղեկություններ ունեն միջազգային ատյաններից, ուր Արցախի օմբուդսմենը ուղղարկել էր զեկույց այդ հարցի վերաբերյալ, ՀՀ ՄԻՊ-ը նշեց. «Միջազգային կազմակերպություններ կային, որոնք քննադատեցին և դատապարտեցին այդ ոճրագործությունը։ Իհարկե, հարցեր կան, որոնք փակ ենք պահում, որոշ պատճառներից ելնելով։ Սակայն կարծում եմ առաջիկայում գնահատականներ կներկայացվեն։ Ամեն դեպքում կատարվում է մշտական աշխատանք։ Մենք ուսումնասիրում ենք, վերլուծում ենք, ստեղծում ենք հիմքեր, որպեսզի այլ իրավասու մարմիններ կարողանան դա օգտագործել»։