ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է Սիրիայում С-300 տեղակայելու մասին
Ռուսաստանը Սիրիա է տեղափոխել հակաօդային պաշտպանության С300 զենիթահրթիռային համակարգ: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալմայոր Իգոր Կոնաշենկովը: Նրա խոսքով` համակարգի խնդիրն է ապահովել Տարտուսի ռազմածովային բազայի և ափամերձ գոտում գտնվող ռուսական նավատորմի անվտանգությունը հնարավոր օդային սպառնալիքներից:
Կոնաշենկովն ավելացրել է, որ անհասկանալի է, թե ինչու է Սիրիայում С300ի տեղակայումը մեծ աղմուկ բարձրացրել Արևմուտքում: «Հիշեցնեմ, որ С300ը բացառապես պաշտպանական համակարգ է և որևէ մեկին որևէ սպառնալիք չի ներկայացնում: Ավելին, ավելի վաղ, ինչպես ձեզ հայտնի է, տարածաշրջանում առկա էր ծովային օգտագործման համանման «Ֆորտ» համակարգ, որով հագեցած է սևծովյան նավատորմի «Մոսկվա» հրթիռային հածանավը»,- ընդգծել է նա: