Բաժիններ՝

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ՀՀ­-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել այն ոլորտները, որոնցում նախարարությունն ակնկալում է սերտացնել համագործակցությունը ԻԻՀ-ի համապատասխան օղակների հետ՝ մարզիչների փոխանակում, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային հարթակներում միասնական սկզբունքների կիրառում, գիտատեխնիկական ներուժի օգտագործում, հակադոպինգային ծրագրեր և այլն:

Դեսպան Սաջադին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների միջև համագործակցությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև մյուս, այդ թվում՝ սպորտային ոլորտում: Դեսպանը նախարարին է դիմել կոնկրետ խնդրանքով՝ օգնել ունենալու ֆիզկուլտուրայի կին մարզիչ՝ դեսպանատանը կից Շահիդ Ֆահմիդեի անվան դպրոցի աշակերտուհիներին դասավանդելու համար: Արձագանքելով դեսպանի խնդրանքին՝ նախարար Ռոստոմյանը տեղում հանձնարարել է շատ սեղմ՝ 2-օրյա ժամկետում կազմակերպել և ապահովել համապատասխան որակավորում ունեցող մարզչի աշխատանքը դպրոցում:

Դեսպանի հաջորդ՝ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար իրենց ազգային և կրոնական ավանդույթներին համապատասխան (կանանց և տղամարդկանց համար առանձնացված տարածքներով) մարզական ակումբ ունենալու վերաբերյալ խնդրանքին՝ նախարարը տեղեկացրել է, որ հարցին լուծում տալու համար անհրաժեշտ է բանակցել նմանատիպ հնարավորություններ ունեցող մարզակառուցների սեփականատերերի հետ:

«Իմ հանձնարարությամբ դրանով կզբաղվեն նախարարության մասնագետները: Մեր նախարարությունն իր ենթակայությամբ չունի Ձեր կողմից նշված հնարավորություններով մարզակառույց: Սակայն մեծ հարգանք ունենալով Ձեր ազգային ավանդույթների նկատմամբ՝ կանենք հնարավորինս՝ խնդրին լուծում տալու համար»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս