«Իշխանություններն են միայն պատասխանատու հասարակական բարքերի այսպիսի փչացման համար». Լևոն Զուրաբյան

«Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում տեղի ունեցած ընտրությունները ոչնչով չտարբերվեցին տարիների ընթացքում իշխանությունների քաղաքականության արդյունքում ձևավորված կլանային բնույթի տեղական ընտրություններից, երբ անձնական, բարեկամական կապերը, ընտրակաշառքը, քաղաքացիներին կենցաղային ծառայություններ մատուցելը մշտապես ընտրողի դիրքորոշման վրա ապօրինաբար ազդելու վճռորոշ միջոց են եղել»,- այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը։

Ըստ պատգամավորի՝ ժողովուրդն այս ամենի մեջ ոչ մի մեղավորություն չունի.

«Իշխանություններն են տարիներ շարունակ ձևավորել կոռումպացված այս ընտրական համակարգը, և նրանք են միայն պատասխանատու հասարակական բարքերի այսպիսի փչացման համար։ ՀԱԿ-ին, ցավոք, չհաջողվեց լուծել այս ընտրությունները քաղաքականացնելու ոչ դյուրին խնդիրը, ինչը պայմանավորված էր մի կողմից` տեղական ընտրությունների արմատացած կլանային բնույթով, մյուս կողմից՝ խնդրի բարդությունը թերագնահատելու հետ կապված` ընտրարշավի մեր տակտիկական բացթողումներով»։

Նա նշեց, որ կանեն անհրաժեշտ հետևություններ ու կմշակեն կեղծարարության բոլոր ձևերը հաղթահարելու մեթոդներ.

«Հաշվի առնելով նաև ՏԻՄ ընտրությունների գործընթացը, առաջիկայում մեր բոլոր ջանքերն ուղղված կլինեն ռազմավարական գլխավոր խնդրի լուծմանը, այն է՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններում հասնել իշխանափոխության, Հայաստանում ժողովրդավարություն հաստատել և երկիրը զարգացման հուն տեղափոխել»։

Տեսանյութեր

Լրահոս