«Ընտրություններից հետո հաստատ արյուն է թափվելու, և դա կանեն Վովա Գասպարյանի ձեռքով». Արա Պապյան
«Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը միանգամայն սխալ եմ համարում։ Ակնհայտ է, որ դա տեղի ունեցավ արտաքին ճնշման հետևանքով, քանի որ բոլորին հայտնի իրողություն է՝ Էդվարդ Նալբանդյանը սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Վիգեն Սարգսյանին ի սկզբանե նախատեսված էր նշանակել Արտաքին գործերի նախարար, բայց Պաշտպանության նախարար նշանակվեց։ Նալբանդյանի նշանակումով ակնհայտ դարձավ, որ մեր ինքնիշխանությունն էապես խաթարված ու սահմանափակված է, որովհետև ԱԳՆ-ն թիվ մեկ քաղաքական նախարարությունն է»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը։
Ըստ նրա՝ տարբեր իրադարձությունների ժամանակ ՊՆ-ն իր վրա էր վերցրել որոշակի դիվանագիտական առաքելություն. «ԱԳՆ-ի պասիվության պարագայում պաշտպանության նախարարը որոշակի գործունեություն էր ծավալում ոչ միայն՝ զինվորական կցորդների միջոցով, այլ նաև՝ հանդիպումներ դեսպանների հետ, հրավերներ, և այլն, որն ԱԳ նախարարի լիազորությունների և պարտավորությունների շրջանակում է։ Վիգեն Սարգսյանի նշանակումն այդ դիվանագիտական բաղադրիչը ՊՆ-ում ավելի կմեծացնի։ Այսինքն՝ ակնհայտ է, որ նա կզբաղվի ոչ միայն՝ ներքին հարցերով, այլև՝ ավելի ընդլայնված դիվանագիտական գործունեությամբ»։
Հարցին՝ կկարողանա՞ Վիգեն Սարգսյանը պայքարել կոռուպցիայի դեմ և սաստել կոռումպացված գեներալներին, նա այսպես պատասխանեց. «Վիգեն Սարգսյանի՝ համակարգից չլինելն ավելի լավ է, այսինքն՝ չունի այդ կապվածությունը տարբեր գեներալների հետ, որոնք տասնամյակներով իրար հետ ծառայելով՝ իրար հետ աճել ու տալ-առնելու խնդիր են ունեցել։ Նա դրսից է, ու ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի միջոցով պետք է իրականացնի որոշակի քաղաքականություն, այսինքն՝ ինքն այդ նախարարությունը վերցնում է իր անմիջական վերահսկողության տակ։ Հիշենք, որ որոշ ժամանակ առաջ դա Կուտոյանի հետ էր կապված, երբ անվտանգության խնդիրներ կային, կարծում եմ՝ հաջորդը լինելու է Վովա Գասպարյանը, բայց դա՝ ընտրություններից հետո, որովհետև ընտրություններից հետո հաստատ արյուն է թափվելու, դա կանեն Վովա Գասպարյանի ձեռքով, հետո իրեն կհանեն, կբերեն մեկ այլ երիտասարդի։ Այսինքն՝ բոլոր այդ ուժային նախարարություններում Սերժ Սարգսյանը կդնի իրեն հավատարիմ երիտասարդների»։
Ճշտող հարցին՝ վտանգավոր հայտարարություն արվեց. ինչի՞ց է ենթադրում, որ ընտրություններից հետո արյուն է թափվելու, նա պատասխանեց. «Անպայման լինելու են բազմաթիվ խախտումներ, ժողովուրդն ընդվզելու է, իշխանությունն այլ միջոց չունի ժողովրդին հանգստացնելու, քան բռնաճնշումների դիմելը»։
Դիտարկմանը՝ գուցե նորից աղոթեն, նա այսպես արձագանքեց. «Չեմ կարծում՝ այս անգամ աղոթքով կվերջանա, որովհետև չտեսնելով իշխանափոխության որևէ խաղաղ ճանապարհ՝ հասարակության մեծ մասը հիասթափվում և արտագաղթում է, փոքր մասը դառնում է ավելի ծայրահեղ ու փորձում դիմել ինչ-որ միջոցների։ Այդ միջոցն էլ տեսնում է այն, ինչ իշխանությունն իր դեմ է կիրառում»։