Բաժիններ՝

Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջին գործընկերն է. Նալբանդյան

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 3-­ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ­-Վալտեր Շատյնմայերի հովանու ներքո կայացել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին և Գերմանիայի միասնության օրվան։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Այսօրվա համերգին նախորդել էր սեպտեմբերի 22-­ին Բեռլինում կայացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ ՀՀ անկախության 25­-ամյակի և Գերմանիայի միասնության օրվա կապակցությամբ Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հովանու ներքո տեղի ունեցած համերգը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Յենայի քաղաքապետը, Երևանում հավատարմագրված դեսպաններ, մշակութային և հասարակական գործիչներ։

Ողջույնի խոսքով դիմելով այսօր կայացած միջոցառման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանն, մասնավորապես, ասել է.

«Հարգարժան պարոն դեսպան,
Յենայի հարգելի քաղաքապետ,
Հարգարժան նախարարներ, պատգամավորներ, դեսպաններ,
Տիկնայք և պարոնայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ հատուկ նշել, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Յենայի ֆիլհարմոնիկ նվագախմբի այս համերգը, ինչպես և սեպտեմբերի 22­-ին Բեռլինում կայացած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը նվիրված են Գերմանիայի միասնության օրվան և Հայաստանի Անկախության 25­-ամյակին և անցնում են Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հովանու ներքո։

Միասնության օրը Գերմանիայի ժողովրդի իղձերի իրականացման տոնն է, ինչպես հայ ժողովրդի համար անկախության տոնը մեր ժողովրդի դարավոր երազանքի իրականացման տոնն է:

Երկու երկրների համար այս նվիրական տոները միասնաբար նշելն արդեն իսկ խորհրդանշում է այն բարեկամական սերտ հարաբերությունները, որոնք ձևավորվել են մեր ժողովուրդների միջև:

Շուտով լրանում է նաև Հայաստանի ու Գերմանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-­ամյակը: Անշուշտ, մեր ժողովուրդների միջև կապերը չեն սահմանափակվում սոսկ 25­-ամյա միջպետական, դիվանագիտական հարաբերությունների ժամանակագրությամբ, այլ ձգվում են դեպի միջնադարյան ակունքներ և սնուցվում մեր երկու ժողովուրդների սերտ պատմամշակութային և հոգևոր առնչություններով:

Այդ պատմական խոր արմատները, անկասկած, ամուր հիմք են հանդիսանում միջպետական փոխհարաբերությունների հետագա ընդլայնման և զարգացման համար: Պատահական չէ, որ Գերմանիայի վերամիավորումից և Հայաստանի անկախությունից ի վեր դրանք վերընթաց զարգացում են ունեցել:

Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության ամրապնդման գործում կարևոր դեր ունեն երկկողմ բարձրաստիճան այցերը, մեր պետությունների ղեկավարների պարբերական հանդիպումները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Մեր երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ծավալներն ինքնին խոսուն են. Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի առաջին գործընկերն է:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը, որը Գերմանիայի արժեքավոր ներդրումն է ընդդեմ ցեղասպանությունների կանխարգելման համամարդկային պայքարում:

Տիկնայք և պարոնայք,

Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հետագա ամրապնդում ու խորացում հայ­գերմանական գործընկերությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս