Ութ ԸԸՀ-ներ ստացել են 49 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի 32 դիմում
Հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում Գյումրիում և Վանաձորում հոկտեմբերի 2ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել հոկտեմբերի 3-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:
Սահմանված ժամկետում թիվ 23, 24, 26, 27, 29, 34, 36 և թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 32 դիմում՝ թվով 49 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:
Ընտրական հանձնաժողովներում ստացվել են նաև ընտրություններին առնչվող 152 այլ դիմումներ: Նշված դիմումներից 31-ը ներկայացվել են թիվ 27 ԸԸՀ և 12-ը` թիվ 34 ԸԸՀ, իսկ թվով 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 109 դիմումները ներկայացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից: