«ՀՀԿ-ի` «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը մնացել է 20-րդ դարում». Էդուարդ Շարմազանով

«Հայաստանի Հանրապետության 300 համայնքներում և 6 մարզերում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընտրությունները մրցակցային էին, քաղաքական, ժողովրդական, և գոնե երկու համայնքում` Վանաձորում և Գյումրիում, կուսակցական ցուցակներով էին, այսինքն` ավելի քան կուսակցականացված էին:

Բոլոր խնդիրներով հանդերձ, Վանաձորի, Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ անցումը պառլամենտական համակարգի մեզ մոտ նորմալ գնում է, կուսակցությունները կարողանում են ազատ ընտրապայքարի միջոցով ներկայացնել իրենց ծրագրերը, և 2016թ. ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում այլևս մրցակցային ընտրություններն այլընտրանք չունեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով երեկ` հոկտեմբերի 2-ին, Հայաստանի մի շարք համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ի համար արդյունքները սպասելի էին, քանի որ իրենք գիտեն իրենց թույլ և ուժեղ կողմերը: Շարմազանովը շնորհակալություն հայտնեց գյումրեցիներին և վանաձորցիներին` ՀՀԿ-ին տված վստահության համար:

Մյուս քաղաքներում ու համայնքներում ևս` Սևանում, Օձունում, Կապանում, Սիսիանում և այլ բնակավայրերում, նրա խոսքով, ՀՀԿ-ականները հաջողության հասան, և պառլամենտական ընտրություններից առաջ սա շատ լավ հիմք է՝ հաջողությունն ամրապնդելու համար, բայց պետք է աշխատել, որպեսզի իրենց ընտրողների վստահությունը չզրոյացնեն: «ՀՀԿ-ն մնում է Հայաստանի Հանրապետության ամենաառանցքային, ամենաազդեցիկ քաղաքական ուժը: Իհարկե, որոշ համայնքներում կային խնդիրներ, կուսակցությունը գործադիր մարմնի նիստում կվերլուծի»,- ասաց Է.Շարմազանովը:

Անդրադառնալով ահազանգերին, խախտումներին` Է.Շարմազանովը նշեց, որ դրանք շատ ավելի փոքր ծավալ էին կրում, քան նախորդ ընտրությունների ժամանակ, բայց չի եղել մի ահազանգ, որի հետևից Ոստիկանությունը կամ ԿԸՀ-ն չգնա, բայց եղել են նաև կեղծ ահազանգեր, որոնց վերաբերյալ փաստեր չեն ներկայացվել.

«Խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ինստիտուցիոնալ ընդդիմության առաջնորդն անգամ ընդունել է իր պարտությունը: ՀՀԿ-ն մնում է մեր երկրի ամենաառանցքային քաղաքական ուժը, բայց մենք չենք առաջնորդվում «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով: Այդ սկզբունքը մնացել է 20-րդ դարում: Մենք գնում և աշխատում ենք յուրաքանչյուրի հետ: Նախկին դասական ընդդիմադիր կուսակցությունները ֆիասկո ապրեցին և պետք է պատճառները փնտրեն իրենց մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս