«Մեզ ու հանրությանը մնում է մի քանի ամիս էլ վայելել բուրժուադեմոկրատական հեղափոխության վերջին մոհիկանների ներկայությունը ԱԺ-ում». Սամվել Ֆարմանյան
Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Որքան էլ տարօրինակ թվա, սակայն այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներից ինձ ամենաշատը տպավորեց հետևյալը. Գյումրիում ու Վանաձորում Հայ ազգային կոնգրեսը գրավում է ՎԵՐՋԻՆ տեղը, ՎԵՐՋԻՆ՝ իրենից առաջ թողնելով անգամ բնությանն ու մարդկությանն անհայտ կուսակցությունների: Ինչպիսի՜ էվոլյուցիա՝ 2008-2016 թթ. ութ տարիների համար:
Տարօրինակն այն է, որ այս սարսափելի պատկերը՝ քաղաքական նման աննախադեպ ձախողումն ու ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության երկու-երեք պատգամավորների «առյուծասիրտ» պահվածքը հակասում են միմյանց, առնչություն չունեն իրար հետ: ՀԱԿ խմբակցության բեկոր-պագամավորների փոխարեն ես, առանց չափազանցության, վայր կդնեի պատգամավորական մանդատը, որպես գնահատական սեփական գործունեությանը:
Հ.Գ. Վստահ եմ, որ նման բան չի լինի, ուստի մեզ ու հանրությանը մնում է մի քանի ամիս էլ վայելել բուրժուադեմոկրատական հեղափոխության վերջին մոհիկանների ներկայությունը ԱԺ-ում»: