2017 թ. ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը շարունակելո՞ւ է պաշտոնավարել՝ որպես վարչապետ
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել էր կառավարության հնգամյա ծրագիր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը` եռամյա: Ըստ Սահմանադրության` 2017 թ. ապրիլից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն: Այդ պարագայում ի՞նչ ժամկետի համար պետք է ծրագիր ներկայացնի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Կ. Կարապետյանը կունենա մինիմում և մաքսիմում ծրագիր. «Բնականաբար, ոչ ոք 2 ամսվա համար ծրագիր չի ներկայացնում: Ինքը հստակ նշել է, որ կլինի կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագիր: Եվ Կարեն Կարապետյանի կաբինետի հաջողությունը կախված է 2017թ. ընտրություններից»:
Դիտարկմանը, որ արդեն իսկ գոյություն ունի առնվազն միջին ժամկետ ծախսային ծրագիր, նախորդ կառավարությունների 2 ծրագրեր, Է.Շարմազանովը պատասխանեց. «Ամեն ինչ էլ ունենք, բայց որպեսզի մեր և ձեր խոսքը լինի առակայական, հիմա ես ասեմ հետևյալը. եթե ասեմ, որ ծրագիրը կլինի 5, 10 տարվա, Դուք կասեք` արդեն որոշել եք, որ 17-ին դուք եք հաղթելու, հիմա էլ ասում եք, որ Կ. Կարապետյանը 5 կամ 10 տարվա ծրագիր է ներկայացնելու: Դրա համար ավելի ռեալ, որպեսզի իմ ասածը քաղաքական անգրագիտություն չհնչի, 17 թ.-ի ապրիլին մենք ունենք ընտրություններ, Կ. Կարապետյանի կաբինետը և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո աշխատելու է մինչև այդ ժամանակաշրջան, դրանից հետո արդեն, եթե մեր հասարակությունը ձայն կտա Հանրապետականին և Կ. Կարապետյանի կաբինետին, դրանից հետո էլ կշարունակի աշխատել: Բայց ես հուսով եմ, որ մեր քաղաքացիները` բոլոր թերություններով, խնդիրներով հանդերձ՝ ընտրությունների ժամանակ ձայն կտան Հանրապետականին»:
Ի պատասխան հարցին` արդյոք ճի՞շտ է հետևությունը, որ արդեն իսկ որոշված է, որ ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը շարունակելու է պաշտոնավարել՝ որպես վարչապետ, Է.Շարմազանովը նշեց. «Ես չեմ որոշողը, որոշողը թիմն է, բայց հետևելով նախագահի խոսքին և հետևելով այն խնդիրներին, որ դրվել են Կարեն Կարապետյանի առջև, կարծում եմ, ճիշտ եք գուշակում: Բայց առաջ չընկնենք, վարչապետը շատ պատասխանատու ժամանակաշրջանում է եկել, ապրիլից հետո ամեն ինչ ավելի հստակ կլինի: Բայց ես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանն ի զորու է մեր թիմի հետ միասին շարունակել բարեփոխումների կուրսը»: