Բաժիններ՝

Հայաստանում ներդրումների ծավալը կախված է դատական համակարգի աշխատանքից. Միխայիլ Զադորնով

«Ինձ թվում է՝ ՎՏԲ բանկի գործունեության զարգացումը Հայաստանում հենց հստակ օրինակ է և վկայում է այստեղ ռուսական բանկային համակարգի հետաքրքրվածության մասին։ Սակայն հայկական շուկան փոքր է և չեն կարող բոլոր ռուսական բանկերն այստեղ գործունեություն ծավալել։ Սա օբյեկտիվ իրականություն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՎՏԲ 24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդեն 1.5 տարուց ավելի է, ինչ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ինչո՞ւ ռուսական խոշոր բանկերը հետաքրքրություն չեն ցուցաբերում ՀՀ բանկային համակարգի հանդեպ։

Ըստ նրա՝ բանկը մի շարք հաճախորդներ ունի, որոնք ապրանքներ և, հատկապես, գյուղմթերք են մատակարարում ռուսական շուկա, և դա հնարավոր է առանց որևէ մաքսային կամ այլ խոչընդոտների. «Մենք տեսնում ենք, որ այս ոլորտը կարելի է զարգացնել և ոչ միայն ռուսական ուղղությամբ, այլ նաև աշխատելով Բելառուսի, Ղազախստանի շուկաներում։ Նաև, մեր կարծիքով, արտահանում կարելի է իրականացնել դեպի Մերձավոր Արևելքի՝ արաբական երկրների շուկաներ։ Համապատասխանաբար՝ կառավարության որոշակի քաղաքականության պայմաններում, այդ հատվածը, որը հավելյալ աշխատատեղեր է ապահովում, կարող է զարգանալ»։

Բիզնեսի զարգացման առումով Մ. Զադորնովը կարևորեց հատկապես Հայաստանի արդարադատական համակարգի կայացումը, քանի որ թե՛ վճիռների կայացման ժամկետների առումով, թե՛ թափանցիկության և թե՛ այդ համակարգի անկախության պայմաններում շատ դժվար է աշխատել։

«Ես միանգամայն ուղիղ կարող եմ ասել, որ ներդրումների ծավալը, ոչ միայն ռուսական, այլև եվրոպական, մերձավոր արևելյան, կախված կլինեն նրանից, թե ինչպես կաշխատի դատական համակարգը հաջորդ մի քանի տարիներին, քանի որ այստեղ շուկան փոքր է, բոլոր դատական գործերը մարդկանց ծանոթ են, և ձևավորվող որոշակի պատկերացումները հետո շատ դժվար կլինի հաղթահարել։ Ե՛վ կառավարությունը, և՛ Կենտրոնական բանկը գիտեն, որ դա համակարգի թույլ օղակներից մեկն է, որ ձևավորում է բիզնեսի սպասումներն ու ներդրումային միջավայրը»,- ասաց Մ. Զադորնովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս