Բաժիններ՝

Հայաստանի ՏՏ ոլորտը կներկայացնի ռազմական նշանակության նոր անօդաչու թռչող սարքեր

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կներկայացնի ռազմական նշանակության նոր, առավել որակյալ սարքավորումներ: Այս մասին «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի ժամանակ նշեց անօդաչու թռչող սարքեր արտադրող առաջատար DJI ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Սաֆարյանը:

«Եթե ներկայում եղած տեմպերով շարունակենք աշխատել, ապա առաջիկա տարիներին մենք կունենանք ռազմական նշանակության այնպիսի անօդաչու թռչող սարքեր, որոնք չեն զիջի իսրայելական արտադրությանը: Նշանակությունն էլ կլինի տարբեր` հարվածային, հետախուզական: Ապրիլյան պատերազմից հետո աշխատանքի տեմպին նոր թափ հաղորդվեց, մենք ունենք բարձրորակ մասնագետներ և կկարողանանք լուրջ հաջողությունների հասնել»,- ասաց Արմեն Սաֆարյանը: Նրա տեղեկացմամբ, այսօր ընկերության անօդաչու թռչող սարքերը Պաշտպանության նախարարության կողմից  թեստավորում են անցնում, հաջողության դեպքում, կարող են կիրառվել ռազմական ոլորտում:

«Olymp Engineering» հայկական կազմակերպությունն առանձին տաղավարով ներկայացրեց իր վերահաղորդիչ համակարգը: Կազմակերպության ներկայացուցիչ Օրբելի Սևոյանը, պարզաբանելով համակարգի նշանակությունը, նշեց, որ այն կօգնի հեռախոսային, ինտերնետային կապ ապահովել ցանկացած վայրում:

«Նախատեսված է այն տարածքների համար, որտեղ կապ չկա: Ահա այս համակարգն ունենալով, կարող ենք ապահովել հեռախոսակապ, ինտերնետ հասանելիություն ցանկացած վայրում: Համակարգի գործարկման համար էլ հեշտացված սպասարկում է անհրաժեշտ: Այն տարածքներում, որտեղ հոսանք չկա, համակարգը կարող է սնվել արևային էներգիայից և տեղեկատվությունն այս սարքի միջոցով հաղորդել համապատասխան վայր: Ռազմական տեսանկյունից այնքանով է կարևոր, որ գիտենք սահմանամերձ շրջաններում կապը վատ է աշխատում, սա տեղադրելով, հնարավոր է ամբողջ սահմանի երկայնքով կապ ապահովել»,-հավելեց Օրբելի Սևոյանը:

«ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսին առանձին հարկ հատկացված էր տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական ծրագրեր իրականացնող ընկերություններին: Բավական ներկայանալի էր «Թումո»-ի տաղավարը, որը ներկայացնում էր թե իր շրջանավարտների, թե ներկայում սովորող երեխաների աշխատանքները: «Թումո»-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը նշեց, որ հաջողություններն ակնհայտ են:

«Այս տարի մենք որոշեցինք ցույց տալ մեր նախագծերն ու start-up-ները: Ներկայացրել ենք «Ելինգ» անիմացիոն ստուդիայի աշխատանքը: Այն հիմնել են մեր շրջանավարտները, որոնք ունեն աջակցություն «Թումո»-ի կողմից: Անիմացիոն ստուդիան արդեն ունի պատվերներ դրսից»,-ասաց Զառա Բուդաղյանը: Տաղավարում ներկայացված էր խաղերի ստեղծման  start-up-ները:

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջը ներկայացնող Միշա Մանուկյանն էլ ներկայացրեց այն գաղափարը, թե ինչպես կարելի է տանկի ընթացքը կառավարել, հեռվից, մեկ տեղից:

«Մեր թիմը ներկայացնում է հեռակառավարման տանկի գաղափարը: Այս տաղավարում ներկայացված է մակետը` փոքր տանկը, որը ներկայում հեռակառավարվում է հեռախոսով: Այս գաղափարը ռազմական ոլորտում կիրառելը կարևոր է, քանի որ տանկը կարող է ընթացքի մեջ լինել, կրակել, իր գործն անել, առանց ներսում որևէ մեկի գտնվելու: Այսինքն` այդ ամենն իրականցվում է հեռակառավարմամբ: Դա կօգնի խուսափել մարդկային զոհերից»,-ասա Միշա Մանուկյանը:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությունների: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս