Բուլղարիայի խորհրդարանը մուսուլման կանանց արգելել է դեմքը ծածկել հասարակական վայրերում
Բուլղարիայի խորհրդարանը հավանության է արժանացրել օրինագծին, որը արգելում է կանանց հասարակական վայրերում կրել դեմքը փակող զգեստ։ Նիկաբի և փարաջայի արգելքի խախտման համար նախատեսված է մոտ 100 դոլար տուգանք, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Օրենքի կրկնակի խախտման դեպքում տուգանքը կավելանա։ Տուգանքի առավելագույն գումարը մոտ 800 դոլար է։
Օրենքի համաձայն՝ հասարակական վայրերում արգելվում է կրել «ցանկացած հագուստ, որը մասնակի կամ ամբողջությամբ ծածկում է դեմքը»։
Թուրքերը կազմում են Բուլղարիայի բնակչության մոտավորապես 13 տոկոսը, նրանք ամենամեծ մուսուլմանական համայնքն են։
Բուլղարացի թուրքերը, որպես կանոն, չեն ծածկում դեմքը, սակայն դա ընդունված է ավելի պահպանողական իսլամական համայնքի շրջանակներում։