Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Ջոն Քերիի հայտարարությանը
Ադրբեջանը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը, լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ մնալով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ոգուն՝ կողմ է հակամարտության կարգավորմանը բովանդակալից բանակցությունների միջոցով։
Առարկայական բանակցությունները պետք է ավարտվեն անընդունելի և ոչ շարունակական ստատուս քվոյի փոփոխությամբ և ադրբեջանական հողերի ազատագրմամբ, ինչպես ավելի վաղ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Հաջիևը։
Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման քաղաքական-իրավական հիմքերը վաղուց հայտնի են, և հակամարտության կարգավորման համար չկա նոր բանաձևեր հնարելու անհրաժեշտություն:
Ջոն Քերին Վաշինգտոնում կազմակերպված ամենամյա ֆորումի ժամանակ հայտարարել է, որ ժամանակակից աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, որոնց թվում է և ղարաբաղյան հակամարտությունը, որոնցում ներկայում չի դիտարկվում կարգավորման հնարավորությունը, քանի որ նախ և առաջ «առաջնորդները դրան պատրաստ չեն»:
ԱՄՆ պետքարտուղարը կարծիք է հայտնել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը չի դասվում նման հակամարտությունների շարքին: Նրա համոզմամբ` նմանօրինակ հակամարտությունները բարդ են, սակայն կարելի է տեսնել այն միջոցները, որոնցով դրանք կարելի կլինի թողնել անցյալում, «եթե մարդիկ ընդունեն հստակ համալիր որոշումներ»:
«Կարծում եմ, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը
մտնում է այս կատեգորիայի մեջ»,-ընդգծել է Քերին: