Հայկական ծագման պատճառով Բաքվի բանտում պահվող ՌԴ քաղաքացու քույրը change.org- ում ստորագրահավաք է սկսել

Արդեն շուրջ չորս ամիս Բաքվի բանտերից մեկում պահվող ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանովի քույրը change.org կայքում «Ռուսաստա՛ն, պաշտպանի՛ր քո քաղաքացուն» վերնագրով ստորագրահավաք է սկսել՝ ուղղված ՌԴ իշխանություններին՝ եղբորը բանտից ազատելու խնդրանքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա դիմել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովին՝ ներկայացնելով իր կողմից այս ժամանակահատվածում արված քայլերը եւ հուսալով, որ Լավրովը կաջակցի  նրան այդ հարցում:

Մարիանա Միրզոյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն 3 ամիս եւ 20 օր է, ինչ  եղբայրս՝ Մարատ Ուելդանովը կեղծ մեղադրանքով պահվում է Բաքվի բանտերից մեկում: Օգոստոսի 30-ին դիմել էի Բաքվում ՌԴ-ի դեսպանատանը այն խնդրանքով, որ եւս մեկ անգամ այցելեն եղբորս: Առաջին անգամ նրանք այցելել էին հուլիսի 28-ին՝ ձերբակալությունից 50 օր անց: Այդ ընթացքում, երբ Բաքվում ՌԴ դեսպանատունը սպասում է Ադրբեջանի թույլտվությանը, Կարմիր խաչի ներկայացուցիչներն արդեն մի քանի անգամ այցելել են եղբորս, ինչի համար Մարատը շատ շնորհակալ է նրանց: Պնդել եմ ու կշարունակեմ պնդել, որ իմ եղբայրը մեղավոր չէ: Ինչպես ասված էր դեսպանատան պաշտոնական նամակում, եղբայրս ստորագրել է արձանագրությունները, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ենթարկվելով նման նվաստացումների՝ յուրաքանչյուրն էլ կստորագրեր, սակայն նույնիսկ այդ պարագայում Մարատն այդքան  խիզախություն ունի չճանաչելու իր  մեղքը»,- գրել է նա:

Ձերբակալվածի քույրը բազմիցս դիմել է Բաքվում ՌԴ դեսպանությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, սակայն դեռեւս որեւէ պատասխան չի ստացել այն հարցին, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում պաշտոնական Ռուսաստանի կողմից եղբորն ազատ արձակելու ուղղությամբ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել են հունիսի 9-ի Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ավելի վաղ Մարիանա Միրզոյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը երբեւէ առնչություն չի ունեցել թմրանյութերի հետ: Ուելդանով-Գալուստյանը ավստրիական «Do&Co» ընկերության աշխատակից է, որը զբաղվում է արտագնա սննդի կազմակերպմամբ եւ Բաքու էր մեկնել գործուղման:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան՝ Մարիանա Միրզոյանին ուղղված առաջին պատասխան նամակում, մասնավորապես, ասված էր.

«Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

Այս արտահայտությունը տեղիք է տվել կարծելու, որ Ուելդանով-Գալուստյանին բանտում պահում են հայկական ծագման պատճառով:

ՌԴ արտգործնախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ են ձեռնարկվում՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից, իսկ մեկ այլ ասուլիսի ընթացքում ՌԴ արգործնախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ ռուսական կողմը Ուելդանովի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքտում:

Վերջերս էլ rusarminfo.ru կայքում հրապարակվել էր Ուելդանով-Գալուստյանի  գործընկերոջ, ՌԴ քաղաքացի Ելենա Մակարենկոյի փաստաբանական հարցման վերծանումը, ով Ուելդանովի հետ քննչական մեկուսարանում է անցկացրել 15 օր, ապա ազատ արձակվել:

«3 օրից հարցաքննության ժամանակ քննիչը (նրանք, իմիջիայլոց, չներկայացան, բայց հետո ես իմացա, որ նրան Մուրատ են կոչում) ինձ հայտնեց, որ մենք (Մակարենկոն եւ Ուելդանովը) կասկածվում ենք Հայաստանի օգտին լրտեսության մեջ, որովհետեւ իմ ընկեր Մարատ Ուելդանովը հայ է, իսկ մենք նրա գործակիցներն ենք եւ ռուսների համար չենք կարող աշխատել. չէ որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանավորվել են չլրտեսել իրար:   Եվ որ նա եւ ուրիշները եւս ձերբակալված են եւ խոստովանական ցուցմունքներ են տալիս: Ես սկսեցի ապացուցել, որ դա սխալ է, զառանցանք եւ այլն: Քննիչը դրան ի պատասխան ինձ հայտնեց, որ այժմ ես պետք է իմ ճակատագրի մասին մտածեմ, ոչ թե Մարատի, որովհետեւ «այդ կեղտոտ հայի առումով» ամեն ինչ պարզ է, իսկ ինձ  15 տարվա ազատազրկում է սպառնում, կամ էլ` որքան դատարանը կորոշի, իսկ դատն աշնանը կլինի` հոկտեմբերին, այդ պատճառով պետք է կարողանալ ապրել մինչեւ այդ ժամկետը», – հարցաքննությունից մեջբերել էր կայքը:

Տեսանյութեր

Լրահոս