Բաժիններ՝

Ոստիկանության բաժնում խոշտանգման ենթարկված Ալ. Ցվերիանովի գտնվելու վայրը հայտնի չէ. ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է  2012 թ. նոյեմբերի 30-ին ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժին գողության մեղադրանքով բերման ենթարկված և ոստիկանության բաժնում խոշտանգումների ենթարկված Ալ. Ցվերիանովի իրավունքների պաշտպանությունը: Երբ 2015 թ. սեպտեմբերի 11-ին Վերաքննիչ դատարանը մերժեց Ալ. Ցվերիանովի ներկայացուցիչ Ա. Սաքունցի՝ քրեական գործը կարճելու որոշման դեմ ներկայացված բողոքը, տուժող կողմը պատրաստվում էր վիճարկել որոշումը ավելի բարձր ատյաններում՝ դիմելով ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սակայն արդեն տևական ժամանակ է, ինչ Ալ. Ցվերիանովի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ, ինչն անհնար է դարձնում նրա իրավունքների հետագա պաշտպանությունը: Կազմակերպության ահազանգին ի պատասխան՝ Ոստիկանությունը ևս քայլեր չի ձեռնարկել նրան հայտնաբերելու ուղղությամբ՝ հայտնելով միայն, որ Ալ. Ցվերիանովը ՀՀ տարածքում հաշվառում չունի, նա բացակայում է նաև Վրաստանում հաշվառված իր մշտական բնակության վայրից:

Հավելենք, որ 2014 թ. մայիսի 30-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը,  չհաստատելով 16 դրվագով գողություն կատարելու մեղադրանքը, արդարացրել էր նրան: Դատարանի վճիռն անփոփոխ էր մնացել վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս