Բաժիններ՝

Նոր վարչապետն ու կառավարությունը ձկնաբույծների «սրտով է»

Վերջին երկու տարում ձկնաբուծության ոլորտում որևէ դրական քայլ՝ ոլորտի առողջացման, ռազամավարական գործառույթների իրականացման առումով, չի կատարվել։ Այս կարծիքին է Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «մեծ հույս» հայտնեց, որ նոր վարչապետն իրենց ոլորտում փոփոխություններ է անելու։

Նրա խոսքով՝ իրենք այս տարիների ընթացքում պետական աջակցություն չեն ունեցել, բարձրացված հարցերը մնացել են անպատասխան, որևէ բարձրացված հարց լուծում չի ստացել, բոլոր խնդիրներն ավելի աճել են, բարդացել են. «Մենք երկու տարի շարունակ խոսում էինք ներքին շուկայի ջախջախված լինելու, արտաքին շուկայում մեր ձկնամթերքի մրցակցությունից դուրս գտնվելու մասին։ Միջազգային շուկայի հետ հարաբերությունների որոշակի խնդիրների հետ կապված հարց էինք բարձրացրել, որոնք խոչընդոտում են մեր ապրանքատեսակը մրցունակ դարձնելուն, և այս բարձրացրած հարցերի շուրջ որևէ քննարկում, որևէ միջոցառում, ծրագրային առողջացման գործառույթ չի իրականացվել, կարելի է ասել՝ բարձիթողի մատնված, անուշադրության մատնված է եղել ոլորտը»։

Ա. Աթոյանը նշեց, որ մեկամսյա ժամկետում նոր վարչապետի կատարած աշխատանքները ձկնաբույծները գնահատում են խոստումնալից։ «Հույս և հավատ է ներշնչում, ողջունում ենք, որովհետև մեր կարծիքն է, որ նոր վարչապետը մեծամասնության շահերին ի օգուտ և հասարակության շահերին օգտակար գործառույթներ  է իրականացնում և շատ բարձր գրագիտություն է  դրևսորել։ Մենք գնահատում ենք նաև նոր կառավարության սկզբունքայնությունը, հարցերի վերաբերյալ մոտեցման ոճը։ Մեր սրտով է, և մենք կարծում ենք, որ հուսախաբ չենք լինի»։

168.am-ի հարցին, թե՝ նոր վարչապետին նշանակել են նույն իշխանությունները, ինչո՞ւ եք այդքան վստահ, որ այս վարչապետին թույլ կտան այլ կերպ աշխատել, Ա. Աթոյանն այսպես պատասխանեց. «Չեմ ուզում եմ ասել, թե ինչն է եղել պատճառը, որ նախկինում ինչ-որ բան չի կատարվել, հիմա կատարվում է, և այլն։ Կարծում եմ, որ իշխանությունները միշտ են ցանկացել, որ մեր երկրի տնտեսությունը բարգավաճի, լինի արդյունավետ և ծաղկող, սակայն, թե ինչու դա չի իրականացվել, ովքեր են խանգարել, ես այդ մարդկանց խնդրում եմ իրենց անձնական շահը վեր չդասեն ազգային, համապետական շահից»։

Մեր ճշտող հարցին, թե միայն վարչապետների մեղավորությո՞ւնն է եղել, որ ոլորտում փոփոխություններ չեն եղել, Ա. Աթոյանն այսպես պատասխանեց. «Ես նման բան չեմ ասում, և կողմնակից չեմ նման դիրքորոշման։ Եթե մարդը ցանկանում է, և չի ստացվում, դա չի նշանակում, որ ցանկությունը և հնարավորությունները համապատասխանել են»։

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե այդ դեպքում ի՞նչն է եղել պատճառը, որ փոփոխություններ չեն արվել  ոլորտում։ Ի պատասխան՝ բանախոսն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել, քանի որ այն գնահատում է՝ որպես քաղաքական հարց. «Որպես տնտեսվարողների լիազոր ներկայացուցիչ, ես կարծում եմ, որ խանգարել են, թույլ չեն տվել որոշ խոշոր տնտեսվարողներ, չի ստացվել։ Հիմա ես այդ տնտեսվարողներին խնդրում եմ, հորդորում, որ նախկին սխալները ներկա վարչապետի օրոք չկրկնեն, թույլ տան մարդուն՝ աշխատի»։

Մանրամանսերը՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս