
«Կառավարությունը պետք է կարողանա կարճ ժամկետներում արձանագրել տեսանելի արդյունքներ». Արտակ Զաքարյան

ՀՀ նոր կառավարության հիմնական անելիքներն արդեն իսկ տեսանելի են դառնում, իսկ նոր կառուցվածքը հուշում է այն ուղղությունները, որոնք դառնում են գերակա կառավարության համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժաանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Բնականաբար, կառավարության կառուցվածքում արված փոփոխությունները պարունակում են մի շարք սկզբունքներ, ինչպես օրինակ՝ օպտիմիզացիայի սկզբունք, ներքին ռեսուրսների արդյունավետ կառավարման սկզբունք: Սա բարեփոխումների հերթական փուլն է, որն առնչվում է պետական կառավարման համակարգին: Կարծում եմ, որ այդ փոփոխությունները կլինեն շարունակական»,- նշեց Զաքարյանը:
Նրա խոսքով՝ հետագայում գնալով ավելի բարդ է լինելու արտաքին ռեսուրսների ներգրավումը, որովհետև համաշխարհային տնտեսությունը աճի ցածր տեմպեր է արձանագրում: «Հետևաբար, մենք պետք է կարողանանք ներքին ռեսուրսների ճիշտ կառավարում իրականացնել: Կարծում եմ, որ սա է լինելու կառավարության գերխնդիրը: Կառավարությունը պետք է կարողանա կարճ ժամկետներում արձանագրել տեսանելի արդյունքներ, որոնք որոշակիորեն տեսանելի են դարձնելու արդյունավետ կառավարման խնդիրները: Արդյունավետ կառավարում ասելով՝ մենք պետք է հասկանանք բոլոր ոլորտներում հասարակություն-պետություն երկխոսություն, որը պայմանավորված պետք է լինի խնդիրների առարկայական լուծմամբ»,- նշեց Արտակ Զաքարյանը:
Նա այն կարծիքին է, որ կառավարության նորացումը համապատասխանում է մեր երկրում և մեր երկրի շուրջ գոյություն ունեցող իրավիճակի հետ՝ վստահություն հայտնելով, որ նոր կառավարությունը կարողանալու է հասարակության համար տեսանելի արդյունքներ ապահովել: