
Ավարտվում է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարությունը

«Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղային ճանապարհի թուրքական հատվածի շինարարական աշխատանքներն ավարտվում են, և տարեվերջին դրանով կգործարկվեն թեսթային համակարգերը, լրագրողներին հայտնել է Թուրքիայի Կարս նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«ԲԹԿ-ն հնարավորություն է տալիս ապրանքները Չինաստանից մատակարարել անմիջականորեն դեպի Եվրոպա»,- ասել է Դողանը՝ նշելով, որ երկաթուղային ճանապարհի շինարարության վերջին փուլը կիրագործվի Կումբեթլի բնակավայրի մոտ։
«Բնակավայրի տարածքի մի մասը 2008թ. գնվեց պետական կարիքների համար, և անշարժ գույքի սեփականատերերին փոխհատուցումներ վճարվեցին։ Շինարարության ձգձգումների պատճառով գյուղի բնակիչները 8 տարի շարունակ չէին լքում իրենց տները։ Ներկայումս իրավիճակը փոխվել է, և մինչև մյուս շաբաթվա վերջ նրանք պետք է տեղափոխվեն»,- հայտնել է Կարսի նահանգապետը։
ԲԹԿ-ն կառուցվում է ադրբեջանա-վրացա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա:
Այդ տրանսպորտային միջանցքի շինարարության աշխատանքները պլանավորված է ավարտել 2016թ. վերջին: