Այսօր մեկնարկում է Հռոմի պապի այցը Վրաստան և Ադրբեջան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր կսկսի իր եռօրյա այցը Վրաստան և Ադրբեջան։ Ինչպես հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպումներ կունենա երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Վատիկանի ռադիոյից տեղեկանում ենք, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Հռոմի պապի ինքնաթիռը վայրէջք կկատարի Թբիլիսիի միջազգային օդանավակայում, որտեղ տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այնուհետ Հռոմի պապը կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ և նախագահական նստավայրում կհանդիպի երկրի իշխանությունների, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։
Նախատեսված է նաև Հռոմի պապի հանդիպումը Վրաստանի կաթողիկոս Իլյա Երկրորդի հետ։ Առաջին օրվա այցելությունը կսահմանափակվի Սուրբ Սիմեոնի եկեղեցի այցելությամբ և ասորի կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ։
Հոկտեմբերի 1-ին պապը կայցելի Մցխեթ քաղաքում գտնվող Սվետիցխովելի տաճար և պատարագ կմատուցի Մ. Մեսխիի անվան մարզադաշտում։ Հանդիպումներ են նախատեսված նաև տեղի կաթոլիկ հոգևորականների հետ, որից հետո սրբազան քահանայապետը կայցելի Քամիլյան միաբանության խնամակալության կենտրոն՝ հանդիպելու տեղի աշխատակիցների հետ։ Այնուհեը Հռոմի պապը կայցելի Մցխեթի պատրիարքարան աթոռանիստ եկեղեցի։
Այցելության վերջին օրը՝ հոկտեմբերի 2-ին, Հռոմի պապը Թբիլիսիից կմեկնի Բաքու։
Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։
Փաստացի, Հռոմի պապը Վրաստանում կմնա 2 օր, Ադրբեջանում՝ 1 օրից էլ պակաս։