Բաժիններ՝

«Հայերը շատ լուսավոր մարդիկ են». ԱՄՆ-ի պաշտպանության նախկին փոխնախարար

Հայաստանի անկախության 25 տարին կարեւոր ու պատասխանատու ժամանակահատված է, սակայն անկախության առաջին օրը տեսած հայերից շատերը հույս ունեն 25 տարի անց տոնել երկրի անկախության 50-րդ տարեդարձը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախկին փոխնախարար, ամերիկյան նավատորմի նախկին ղեկավար ամերիկահայ Փոլ Իգնատիուսը.

«Հայերը շատ լուսավոր մարդիկ են, նրանք գնահատում են կրթությունը: Երկրի ապագան հենց այն երիտասարդ մարդկանց ձեռքում է, ովքեր այսօր յուրացնում են մեր ժամանակների նորարարական հմտությունները»:

Վաշինգտոնում, Սպիտակ տան հարեւանությամբ անցած Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված երեկոյին ներկա էին Միացյալ Նահանգների գործադիր եւ օրենսդիր իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, Վաշինգտոնում հավատարմագրված արտերկրյա դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Խոսելով Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների կարեւորության մասին, թե հայկական եւ թե ամերիկյան կողմի ներկայացուցիչները նշում են այդ գործընկերության կարեւորությունը:

«Հայաստանը մի երկիր է, որն ուզում է ապրել հարեւանների հետ խաղաղության մեջ եւ հույս ունեմ որոշ պահի մեզ կհաջողվի դրան հասնել»,- ասել է հայ-ամերիկյան խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալլոնը:

Հայ-ամերիկյան համագործակցությունը ոչ միայն գնահատվում է այլեւ՝ բովանդակային տեսք ստանում: Քաղաքական ոլորտում դա Երեւանի եւ Վաշինգտոնի միջեւ սերտ բարեկամությունն է եւ ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղության պահպանման ԱՄՆ-ի աշխատանքը, տնտեսական ոլորտում ամերիկյան խոշոր ներդրումներն են Հայաստանի հիդրոէլեկտրիկ եւ հանքաարդյունաբերության ոլորտներում, մշակութային ոլորտում դա ամերիկյան կողմի ֆինանսավորմամբ եւ Smithsonian հաստատության կողմից իրականացվող ներդրումներն են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանման եւ տուրիզմի զարգացման մեջ: Ռազմական ոլորտում Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը խաղաղարար առաքելություններում, իսկ մարդասիրական ոլորտում Սիրիայից ժամանած փախստականներին Հայաստանի աջակցությունը մեծ հարգանքի է արժանանում ԱՄՆ-ում:

Կոնգրեսական Հավյեր Բեսերրան ընդգծել է, որ Վաշինգտոնում բարձր են գնահատում Երեւանի հետ հարաբերությունները.

«Մենք հարգում ենք, ավելին, բարձր ենք գնահատում անկախ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության նշանակությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս