
21-ամյա Հրանուշ Եղիազարյանը տանից դուրս գալիս՝ պատուհանին երկտող էր թողել

Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի 21-ամյա Հրանուշ Եղիազարյանն անհետացել է սեպտեմբերի 28-ի առավոտյան: Գյուղում աղջկա անհետացման մի քանի վարկածներ են պտտվում, որոնցից մեկի համաձայն` աղջկան առեւանգել է արջը: Լուրը, սակայն, «Արմենպրես»-ի հետ զրույցում հերքեց Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը: Նա նշեց, որ Հրանուշի անհետացման հետ կապված ոչ մի նորություն դեռ չկա: «Առավոտյան արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիմա էլ ոստիկանությունը զբաղվում են որոնողական աշխատանքներով»,- ասաց գյուղապետը:
Գրիգորյանի խոսքով` աղջիկը իրենց տան պատուհանին երկտող էր թողել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ տեղեկացանք, որ փրկարարներն ահազանգը ստանալուն պես իրականացրել են որոնողական աշխատանքներ գյուղին հարակից անտառային տարածքում: Ժամը 13.45-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Դեպքի հանգամանքներից ելնելով՝ որոնողական աշխատանքները շարունակում են ոստիկանության աշխատակիցները: