Հռոմի պապն ու Բարաք Օբաման, Բիլ և Հիլարի Քլինթոնները կմասնակցեն Շիմոն Պերեսի հուղարկավորությանը
ԱՄՆ ներկայիս և նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մտադիր են այցելել Իսրայել՝ մասնակցելու երկրի 9-րդ նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնում է իսրայելական Haaretz թերթը։
«Բարաք Օբաման, Ջասթին Տրյուդոն, Բիլ և Հիլարի Քլիթոնները համաշխարհային առաջնորդների թվում են, որոնք ուրբաթ օրը կժամանեն Իսրայել՝ մասնակցելու Շիմոն Պերեսի հուղարկավորությանը»,- գրում է պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ սպասվում է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի, Մեծ Բրիտանիայի արքայազն Չառլզի ժամանումը։
«Իսրայելի ԱԳՆ-ում ենթադրում են, որ հուղարկավորությանը ներկա կլինեն նաև Եգիպտոսի և Հորդանանի, ինչպես նաև արաբական մյուս երկրների ներկայացուցիչները»,- գրում է պարբերականը։
Շիմոն Պերեսը մահացել է սեպտեմբերի 28-ին 94 տարեկան հասակում Թել-Ավիվի մոտակայքում գտնվող հիվանդանոցներից մեկում։