
Սեմ Էլարդայսը հեռացվեց Անգլիայի հավաքականից

Մարզչին հեռացրին նշանակումից 67 օր անց:
Էլարդայսին հեռացրել են կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ինչպես հաղորդում է FA-ի պաշտոնական թվիթերյան էջը, ասոցիացիայի նախագահները հեռացման մասին Մեծ Սեմին հայտնել են անձնական հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել էր Ուեմբլիում: Նրանք լսել են մարզչի վարկածը, խորհրդակցել են, իսկ հետո որոշում են կայացրել:
Էլարդայսից բացի, հանդիպմանը ներկա են եղել նրա խորհրդական Մարկ Կերտիսը, ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Գրեգ Կլարկը և գործադիր տնօրեն Մարտին Գլենը:
Մալթայի և Սլովենիայի հետ խաղերում մարզչի պաշտոնակատարը կլինի Գարեթ Սաութգեյթը:
Կոռուպցիոն սկանդալը ջրի երես դուրս եկավ The Telegraph-ի լրագրողական հետաքննությունից հետո:
Էլարդայսն ամենահաջողակ մարզիչն է Անգլիայի հավաքականի պատմության մեջ: Նրա օրոք «առյուծները» ոչ մի անգամ չեն պարտվել:
Մարզիչը հավաքականի հետ անցկացրել է պաշտոնական 1 խաղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը