Ադրբեջանի ԱԳՆ զեկույցները բացահայտել են Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն 10 մարտական կորուստ. Razm.info
Razm.info-ն համեմատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի զեկույցները այդ երկրի պետական մարմինների հայտնած, ինչպես նաև Ռազմինֆոյի արձանագրած տվյալների հետ, ինչի շնորհիվ հայտնի է դարձել Ադրբեջանի ՊՆ չհայտնած առնվազն ևս 10 մարտական կորստի մասին (2014-15թթ.)։
Ադրբեջանը ՄԱԿ է ներկայացրել է իր կորուստների և հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին ամսական զեկույցներ, որոնցում հայտնում են, թե նշված ամսվա որ օրը քանի կորուստ են ունեցել՝ նշելով ժամը և միջադեպի վայրը, երբեմն էլ նաև անուններ։
ՄԱԿ-ում Ադրբեջանի զեկույցներին ուղիղ հղում չենք կարող դնել, քանի որ կայքը հնարավորություն չի տալիս նույն հղումը երկրորդ անգամ բացել։ Փաստաթղթերը կարող եք դիտել այստեղ։ Զեկույցներից մեկը՝ որպես օրինակ, կարող եք ներբեռնել Ռազմինֆոյի կայքից:
Այսպիսով 2015 թվականի համար Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի ՊՆ թաքցրած 8 մարտական կորուստ, որոնցից 2-ը՝ վերապահումներով (նշված են աստղանիշով)։
Հունվարի 4. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնում է, որ Սեյսուլանի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել: Այս կորոստի մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։
Հունվարի 18. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնում է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ այլ զինծառայող, ում մասին Ադրբեջանի ՊՆ-ն նույնպես չէր հայտնել։
Հունվարի 22. Կրկին առանց անուն տալու ԱԳՆ-ի զեկույցում նշվում է Ֆիզուլիի շրջանում հայկական գնդակից սպանված Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի մասին, ինչը Ադրբեջանի ՊՆ-ն ևս չէր հայտնել։
Հունվարի 23-ին, երկրի ՊՆ-ին հղումով, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հայտնել է, որ «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուն, որին թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, պատվո համազարկով և բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ, ինչը հատուկ է մարտական պայմաններում սպանվածներին։
Ըստ կայքի, սպանված Բաբաշովը հենց ԱԳՆ հայտնած մարտական կորուստն է, ում Ադրբեջանի ՊՆ-ն փորձել է ներկայացնել որպես «զենքի հետ անզգույշ վարվելու» արդյունքում սպանվածի։
Օգոստոսի 22. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Խոջավենդի (Մարտունի) ուղղությամբ հայկական կողմի կրակից սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Այս մասին երկրի ՊՆ-ն չէր հայտնել։
Օգոստոսի 24. Ադրբեջանի ԱԳՆ-ն իր զեկույցում, անուն չնշելով, հայտնել է, որ Թարթառի ուղղությամբ հայկական կողմի կրակից Ադրբեջանի ԶՈւ ևս մեկ զինծառայող է սպանվել, որոնց մասին Ադրբեջանի ՊՆ-ն չէր հայտնել։
Սեպտեմբերի 25. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմի ականանետային կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Մամեդով Էլշան Վագիֆ օղլուն։ Նույն օրվա համար կորուստ է հայտնում նաև ԱԳՆ-ն, սակայն մահվան պատճառ էր նշել հայկական կողմի հրազենի կրակոցը։
Դատելով նույն օրվա կորստի մահվան պատճառի մասին երկու գերատեսչությունների տված իրարից տարբեր պատճառները՝ կարելի է ենթադրել, որ ԱԳՆ և ՊՆ հայտնած կորուստները երկու տարբեր մարդիկ են։
Սեպտեմբերի 27. Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մարտական 3 կորուստիմասին՝ Վելիև Ռաուֆ Ֆախրեդդին օղլու, Ահմադզադե Նարիման Իսփանդիյար օղլու, Մուսթաֆազադե Զյոհրաբ Նամիգ օղլու։
Նույն օրվա համար Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնում է 5 կորստի մասին՝ մեկը Ֆիզուլիի, իսկ չորսը Գետաբեկի ուղղությամբ։ Այսպիսով միայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն թաքցրել էր առնվազն 2 կորուստ։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։