Բաժիններ՝

SOCAR-ը Հունաստանի կառավարության հետ աշխատանքային խումբ է ստեղծում

Երեկ կայացել է ադրբեջանական պատվիրակության հանդիպումը, որը ղեկավարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում կատարելով Հունաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։

Նրա խոսքով՝ հանդիպումը կայացել է լարված, սակայն անկեղծ մթնոլորտում։
«Պարոն Ցիպրասն ասել է, որ Ադրբեջանն ու Հունաստանը գործընկեր երկրներ են։ SOCAR-ը պաշտոնական Աթենքի կողմից ընկալվում է որպես ռազմավարական գործընկեր»,- ասել է Մուստաֆաևը։

Դեսպանը հայտնել է, որ SOCAR-ի հետ հանդիպման ավարտին որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ DESFA գազային օպերատորի սեփականաշնորհման վերաբերյալ։
«Աշխատանքային խումբն ադրբեջանական կողմից կգլխավորի SOCAR-ի փոխնախագահ Էլշադ Նասիրովը, հունական կողմից՝ Հունաստանի վարչապետի տնտեսական խորհրդական Դմիտրիոս Լյակոսը։ Աշխատանքային խումբը սերտորեն համագործակցելու է իտալական Snam-ի և ԵՄ-ի հետ։

Աշխատանքային խումբը որոնելու է DESFA-ի մասնավորեցման շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը»,- հայտնել է նա։

2013 թվականի դեկտեմբերին SOCAR-ը 400 միլիոն եվրոյով ձեռք էր բերել DESFA գազաբաշխիչ ցանցի օպերատորի բաժնետոմսերի 66 տոկոսը: Ադրբեջանական ընկերությունը դրա մասնաբաժնի 31 տոկոսը գնել էր Հունաստանի կառավարությունից, իսկ 35 տոկոսը՝ Hellenic Petroleum SA ընկերությունից:

Հունաստանի կառավարությունը, ելնելով մենաշնորհ թույլ չտալու սկզբունքից, առաջարկում է DESFA-ի բաժնետմոսերի 17 տոկոսը վաճառել երրորդ կողմին: Իտալական Snam ընկերությունը շահագրգիռ է գնել բաժնետոմսերի 17-տոկոսանոց փաթեթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս