Ախուրյանում երիտասարդը պարապ է. զբաղմունք չի գտնում

Asparez.am. Գյուղական համայնքում երիտասարդների կյանքը միապաղաղ է անցնում: Չկան ժամանցի վայրեր, պուրակներ, նաեւ աշխատատեղեր: Գյուղերում երիտասարդների հիմնական զբաղմունքը հողագործությունն է կամ անասնապահությունը: Ախուրյանը Շիրակի մարզի ամենամեծ գյուղական համայնքն է: Այստեղ երիտասարդությունը ճակնդեղի մշակմամբ է զբաղվում, որը ժամանակավոր բնույթ է կրում, իսկ մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, երբեմն նույնիսկ չվերադառնալու մտադրությամբ:

Ի՞նչ պետք է անել, որ երիտասարդը մնա եւ ապրի իր համայնքում: Ոլորտի փորձագետները կարծում են, որ լավագույն տարբերակը տեղական ինքնակառավարման մարմին եւ երիտասարդ փոխհարաբերության կայացումն է:

-Ախուրյանում երիտասարդությունը բավականին պասիվ է: Նրանց մեծ մասը նույնիսկ ավագանու անդամներին չի ճանաչում: Դեպքեր դեռ չեն եղել, որ երիտասարդ կամ երիտասարդների խումբ գա եւ մասնակցի նիստերին: Պասիվությունը ինձ զարմացնում է, բայց սա հետեւանք է այն բանի, որ սոցիալական վիճակը այն չէ,-ասում է Ախուրյանի ավագանու անդամ Արտավազդ Սանթրոսյանը:

Արտավազդ Սանթրոսյանը նշում է, որ այն չորս տարիների ընթացքում, երբ եղել է ավագանու կազմում, չի ընդունվել մի նախագիծ, որը կնպաստի համայնքի երիտասարդների կյանքի բարելավմանը: Ավագանու անդամը տեղեկացնում է, որ երիտասարդները նախաձեռնություններով, գաղափարներով իրենց չեն դիմում:

Ավագանու անդամի հետ համամիտ չէ ախուրյանցի երիտասարդ Լեւոն Իգիթյանը:

-Համայնքում երիտասարդներն ակտիվ են: Նիստերին մասնակցում ենք, անձամբ ես եղել եմ: Եղել են ծրագրեր, որոնք համաֆինանսավորվել են համայնքային բյուջեից,-ասում է «Ախուրյան» երիտասարդական ՀԿ նախագահ Լեւոն Իգիթյանը:

Վերջին անգամ Ախուրյանում «Հակածխախոտային իրազեկում» ծրագիրն է անցկացվել: Երիտասարդները հանրային քննարկումներ հիմնականում չեն կազմակերպում, սակայն մի քանի տարի առաջ մեկ-երկու դեպք եղել է:

-Հանրային քննարկումներ չեն լինում: 2013-2015 թթ-ին Ախուրյանում ունեցել ենք համայնքի աշխատանքային խումբ, որը ավագանու նիստերից առաջ քննարկել է խնդիրներ եւ այդ մասին տեղեկացրել ավագանուն՝ ընդգրկել օրակարգ: Այդ եղանակով համայնքի փողոցների համարակալում ենք իրականացրել,-նշում է Լ. Իգիթյանը:

Ախուրյանում երիտասարդները զբաղմունքի միջոց են փնտրում:

-Լինի ծրագիր, որը կապահովի երիտասարդների զբաղվածությունը: Ախուրյանում չկան այնպիսի տեղեր, որտեղ կարելի է օրը լիարժեք անցկացնել,-ասում է Արփինեն:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Տեսանյութեր

Լրահոս