Լիբիական բանակը խնդրել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարել. «Իզվեստիա»
Լիբիայի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Խալիֆա Խաֆտարը դիմել է Մոսկվային՝ խնդրելով սկսել զենքի և տեխնիկայի մատակարարումները երկիր, գրում է «Իզվեստիան»՝ հղում կատարելով Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրին։
Պարբերականի տվյալներով՝ լիբիացի գեներալի ուղերձը փոխանցվել է ռուսական կողմին Խաֆտարի հատուկ դեսպանորդի՝ Սաուդյան Արաբիայում Լիբիայի դեսպան Աբդել Բասսետ ալ-Բադրիի կողմից, որին երեքշաբթի օրն ընդունել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Նման հանդիպում իսկապես տեղի է ունեցել։ Ալ-Բադրին մեկ օրով եկել էր Մոսկվա։ Բոգդանովի հետ բանակցություններում քննարկվել է էմբարգոն չեղյալ հայտարարելու և սպառազինությունների մատակարարումն սկսելու հարցը։ Լիբիացիները խնդրում են իրենց մատակարարել նաև տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռներ»,- թերթը մեջբերել է իր զրուցակցի խոսքերը։
Զենքի մատակարարման արգելքը Լիբիայի հակամարտող կողմերի նկատմամբ սահմանվել էր 2011թ․Մուամմար Քադաֆիի դեմ ապստամբության թեժ պահին։
Խալիֆա Խաֆտարը ղեկավարում է Լիբիայի բանակը, որը հավատարիմ է 2014թ․ ընտրություններով ընտրված խորհրդարանին։