Բաժիններ՝

Վրաստանում քրեական գործ է հարուցվել «Սաակաշվիլիի խոսակցության» հրապարակումից հետո

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել պետական հեղաշրջման նախապատրաստության վերաբերյալ՝ կապված համացանցում հայտնված աուդիոձայնագրության հրապարակման հետ, որտեղ, ինչպես պնդում են լրագրողները, լսելի է երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների խոսակցությունը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աուդիոձայնագրության մեջ տղամարդը, որի ձայնը նման է Սաակաշվիլիին, այլ մարդկանց հետ քննարկում է երկրում խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի հնարավոր զանգվածային ակցիաները։ Ձայնագրության ծագման աղբյուրը հայտնի չէ։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ձայնագրության իսկությունը դեռ չի հաստատվել։ Հատուկ ծառայությունների աշխատակիցներն արդեն քննչական գործողությունների ընթացքում կպարզեն՝ արդյո՞ք նման խոսակցություն տեղի է ունեցել, թե՞ ոչ։

Նրանք մտադիր են նաև հարցաքննել զրույցի ենթադրյալ մասնակիցներին։
Անձամբ Սաակաշվիլին հրապարակված աուդիոձայնագրությունը մոնտաժ է անվանել։ Նրա կարծիքով՝ դա քաղաքական պայքարի մաս է։

Սաակաշվիլին կարծում է, որ երկրի ներկայիս իշխանությունները ցանկանում են իր ու իր կուսակցության համար բարդացնել խորհրդարանական ընտրությունները, որոնք նախանշված են հոկտեմբերի 8-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս